Փարիզի գագաթնաժողովի մասնակիցները կլիմայի փոփոխման դեմ պայքարի կոնկրետ միջոցներ են նշել
Փարիզում One Planet Summit միջազգային խորհրդաժողովի մասնակիցները համաձայնության են եկել Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի աջակցման կոնկրետ միջոցառումների շուրջը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Կլիմայի վերաբերյալ առաջին գլոբալ համաձայնագիրը (Փարիզի համաձայնագիր) ստորագրվել է 2015 թվականի դեկտեմբերին: Այս պահին պայմանագիրը վավերացրել է 170 երկիր՝ որոնք պարտավորվել են ձեռնարկել արտանետումների նվազեցման միջոցներ:
Կլիմայի վերաբերյալ Փարիզի խորհրդաժողովին մասնակցել են մի շարք պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, հասարակական գործիչներ, գործարարության ներկայացուցիչներ, բնապահպաններ: Գագաթնաժողովի ընթացքում նրանք համաձայնության են եկել տարբեր պարտավորությունների կատարման շուրջը: «Այդ 12 պարտավորությունները ձեր աշխատանքն են: Դա պետությունների, կառավարությունների, ձեռնարկությունների, տեղական իշխանությունների աշխատանքն է: Դրանք միանգամայն կոնկրետ բաներ են»,- ասել է Մակրոնը:
Պարտավորությունների առաջին մասը վերաբերում է միջոցների տրամադրմանը կլիմայի փոփոխմանն ադապտացվելու եւ բնական համաղետների հետեւանքների դեմ պայքարելու համար: Այնուհետեւ գալիս են այն պարտավորությունները, որոնք կապված են ցածրածխածնային տնտեսության անցման՝ նավթի հանույթի կրճատման, էներգիայի վերականգնվող աղբյուրների անցնելու, «մաքուր» տրանսպորտի զարգացման արագացման հետ, ինչպես նաեւ այն միջոցները, որոնք նպատակամղված են ուշադրության կենտրոնացմանը կլիմայի փոփոխման հիմնախնդրի վրա, ֆինանսական աշխարհի եւ ներդրողների ակտիվացմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: