Կիմ Չեն Ընը խոստացել է ԿԺԴՀ-ն վերածել աշխարհի ամենաուժեղ միջուկային տերության
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը, ելույթ ունենալով ազգային պաշտպանական խորհրդաժողովում, հայտարարել է, որ Հյոսիսային Կորեան պետք է դառնա աշխարհի ամենաուժեղ միջուկային տերությունը: Այդ մասին հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությանը:
Հյուսիսային Կորեայի ղեկավարը նաեւ Փենյանի պատմական հաղթանակն է համարել «Հվասոն-15» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի վերջերս կատարված արձակումը եւ խոստացել է, որ ԿԺԴՀ-ն կմեծացնի իր ռազմական հզորությունը, որպեսզի «հաղթանակ տանի իմպերիալիստների եւ ԱՄՆ-ի դեմ պայքարում»:
Ավելի վաղ ԿԺԴՀ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները տանուլ են տվել «քաղաքական ու ռազմական դիմակայությունը»: Փենյանում նաեւ նշում են, որ պատրաստ են բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ միայն այն պայմանով, որ նա ճանաչի Հյուսիսային Կորեայի՝ որպես միջուկային տերության կարգավիճակը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: