Բաժիններ՝

Եվրամիությունը պաշտոնապես գործարկեց պաշտպանական համագործակցությունը

Եվրամիությունը դեկտեմբերի 11-ին պաշտոնապես հավանություն է տվել պաշտպանության ու անվտանգության բնագավառում մշտական համագործակցության (PESCO) գործարկման մասին փաստաթղթին. համագործակցության նախագծերի ցուցակին հավանություն կտրվի 2018 թվականի սկզբին:

Այդ մասին ասված է ԵՄ-ի խորհրդի հրապարակման մեջ: PESCO-ն թույլ է տալիս համատեղ մշակել ուժերն ու միջոցները եւ գործողություններ իրականացնել պաշտպանության ու անվտանգության ոլորտում: Նոյեմբերի 23-ին ԵՄ-ի անդամ երկրները, այդ թվում ՆԱՏՕ-ի մեջ չմտնող Ավստրիան, Կիպրոսը, Ֆինլանդիան եւ Շվեդիան, պաշտոնապես Եվրամիությանը ծանուցել են PESCO-ի իրականացմանը ձեռնամուխ լինելու մտադրության մասին:

Ավելի ուշ նրանց միացել են եւս երկու երկրներ: PESCO-ին մասնակցելու ցանկություն չեն հայտնել միայն Մեծ Բրիտանիան, Դանիան եւ Մալթան: Որոշման մեջ ներկայացված է մասնակից երկրների ցուցակը, նշված են այդ երկրների նպատակներն ու համատեղ պարտավորությունները, այդ թվում՝ «իրական չափերով պաշտպանական բյուջեների կանոնավոր ավելացումը՝ համաձայնեցված նպատակներին հասնելու համար»: Փաստաթղթում նշվում է, որ PESCO-ի արդյունավետությունն ապահովում է ԵՄ-ի խորհուրդը, որտեղ ներկայացված են բոլոր անդամ երկրները՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի աջակցությամբ:

PESCO-ի քարտուղարության գործառույթներն իրականացնելու են Եվրոպական արտաքին քաղաքական ծառայությունը (EBC), ներառյալ ԵՄ-ի ռազմական շտաբը, եւ Եվրոպական պաշտպանական գործակալությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս