Մալաթիայում սպանության գործով մեղադրյալը լքե՞լ է Հայաստանը
«Փաստինֆո»-ն տեղեկություններով՝ Մալաթիայում 38-ամյա տղամարդու սպանության գործով հետախուզվողը սպանվածի քեռու որդին է:
Հիշեցնենք, որ վարույթն իրականացնող մարմինը նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշում էր կայացրել և հետախուզում հայտարարել:
Մեզ հայտնի է դարձել նաև, որ հետախուզվողի ավտոմեքենան դեպքից անմիջապես հետո օդանավակայանի տարածքում տեսնողներ են եղել, սակայն այս պահին դեռևս չհաջողվեց պարզել՝ նրան հաջողվե՞լ է այդ օրը գիշերը լքել Հայաստանը, թե՝ ոչ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Բաբաջանյան փողոցում ավտոմեքենայի սրահում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել, իսկ դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի հետնամասում հայտնաբերվել է 5.45 տրամաչափի 6 պարկուճ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Քննչական կոմիտեն էլ տեղեկացրել էր, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Ա.Գալստյանի ուղղությամբ հրազենային կրակոցներն արձակվել են մեկ այլ ավտոմեքենայի մեջ գտնվող անձի կողմից, պարզվել է ավտոմեքենայի մակնիշը, կրակոցներ արձակած անձի ինքնությունը, վերջինիս առնչությունը տուժողի հետ։
Մեր տեղեկություններով՝ սպանված և նրա ուղղությամբ կրակած անձն ազգականներ են, և նրանց միջև գույքային վեճ է եղել 10 000-15 000 ԱՄՆ դոլարի չափով: