Լավրովը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումների անցկացումը

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև 2017 թվականին տեղի ունեցած հանդիպումը դրական քայլ է համարվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Այս մասին Վիեննայում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Ցանկացած հակամարտությունում անհրաժեշտ է հենվել ընդհանուր մոտեցումների վրա: Դրանցից առաջինը հակամարտող երկրների միջև ուղիղ երկխոսությունն է, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում գոյություն ունի: Իհարկե, այն մեզ դեռևս լուրջ առաջընթաց չի տալիս, սակայն փաստը, որ այս տարի երկխոսությունը տեղի է ունեցել նախագահների և բազմիցս նաև արտգործնախարարների մակարդակով, մեզ դրական է թվում: Շարունակելու ենք աշխատել այն ուղղությամբ, որը ենթադրում է Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հավաքական մոտեցումը»,- հայտարարեց Լավրովը:

Նա հիշեցրեց, որ նիստի ընթացքում ՄԽ համանախագահ երկրները վերահաստատել են իրենց մոտեցումներն ընդհանուր հայտարարության տեքստում: «Այն ներառում է խնդրի կարգավորման սկզբունքները, որոնք կողմերն ընդունել են, սակայն դեռևս չեն փոխակերպել գործնական քայլերի»,- նշեց Ռուսաստանի ԱԳ նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս