Հայաստանցիները գնալով ավելի քիչ են դիմում բժշկի. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը արձանագրել է, որ հայաստանցիները գնալով ավելի քիչ են դիմում բժշկի:
Այս տվյալները արտացոլված են ԱՎԾ-ի՝ օրերս հրապարակած «ՀՀ սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցում: ստ այդ զեկույցի՝ 2016 թվականին հիվանդների 37.7 տոկոսն է դիմել առողջության առաջնային պահպանման ծառայություններին՝ բժշկական խորհրդատվության կամ բուժման համար: 2015 թվականին այդ ցուցանիշը կազմել էր 40.5 տոկոս:
Ուշագրավ է, որ այդ ցուցանիշի նվազումը համատարած է: Իրենց առողջությանը ավելի քիչ են հետևում ինչպես քաղաքաբնակները, այնպես էլ գյուղաբնակները: Ըստ զեկույցի, եթե 2015 թվականին վերը նշված ծառայություններին դիմել էր գյուղաբնակ հիվանդների 43.5 տոկոսը, ապա անցած տարի այդ ցուցանիշը կազմել է 42.7 տոկոս: 2016 թվականին քաղաքաբնակների 40.9 տոկոսն է դիմել պոլիկլինիկաներ, իսկ 2015-ին 44.2 տոկոսը: Ցուցանիշի մեծ անկում է ԱՎԾ-ն արձանագրել նաև Երևանում:
2015 թվականին երևանաբնակ հիվանդների 35.1 տոկոսը դիմել է առողջության առաջնային պահպանման ծառայություններին: 2016 թվականին այդ ցուցանիշը կազմել 31.2 տոկոս»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: