Այսուհետ հարկադիր կատարողը կարող է արգելանք դնել անձի գույքի վրա՝ ըստ սահմանված հերթականության
Ազգային ժողովում քննարկվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ սա չափազանց կարևոր նախագիծ է: Նրա խոսքով՝ սա նաև ի կատարումն է վարչապետի հանձնարարականի՝ հնարավորինս սահմանափակել հարկադիր կատարողի հայեցողական լիազորությունները:
«Հստակ ժամկետ ենք սահմանել հարկադիր կատարողի համար՝ կոնկրետ կատարողական վարույթով որոշումներ կայացնելու համար: Այսօր գիտեք՝ կատարողական վարույթի տևողությունը երկու ամիս է, սակայն այդ երկու ամսվա ընթացքում որոշակի կատարողական գործողությունների համար անհրաժեշտ որոշումների ընդունման ժամկետ չկա: Մենք հստակ սահմանում ենք, որ համապատասխան որոշում կայացնելու հիմքերի ի հայտ գալուց հետո՝ հարկադիր կատարողն ունի ընդամենը 3 օր՝ համապատասխան որոշում կայացնելու համար»,- նշեց փոխնախարարը:
Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ սահմանվել է նաև գույքի այն հերթականությունը, ըստ որի՝ հարկադիր կատարողը կարող է՝ որպես հայցի ապահովման միջոց, արգելանք դնել անձի գույքի վրա.
«Այսօր շատ դեպքերում տնտեսվարող սուբյեկտը, ունենալով համապատասխան գույք, սահմանափակում է դրվում նրա ֆինանսական միջոցների վրա, և տնտեսվարող սուբյեկտը չի կարողանում իր հետագա գործունեությունն իրականացնել: Այս արգելանքն էլ ամբողջ դատավարության ընթացքում պահպանվում է, և կարող է դատը տևել տարիներ, և տնտեսվարող սուբյեկտը չկարողանա իր ֆինանսական միջոցներն օգտագործել և ուղղակի ֆինանսական կրախի ենթարկվի:
Այժմ տնտեսվարող սուբյեկտի համար հարկադիր կատարողն առաջինն արգելանք է դնում անշարժ գույքի վրա, երկրորդ՝ արտադրության մեջ անմիջականորեն չներառված հիմնական միջոցների վրա, հետո՝ անավարտ արտադրանքի վրա, եթե չի բավարարում, պատրաստի արտադրանքի վրա, հետո՝ շարժական գույքի վրա, եթե, այնուհանդերձ, չի բավարարում, նոր մենք հարկադիր կատարողին հնարավորություն ենք տալիս արգելանք դնել ֆինանսական միջոցների վրա»: