Թուրքիայում գյուլենականների գործով նոր ձերբակալություններ են տեղի ունեցել
Ստամբուլի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում 39 կասկածյալի ձերբակալելու որոշում է ընդունել: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Կասկածյալները հայտնաբերվել են ByLock հավելվածի միջոցով: Նրանց հայտնաբերելու նպատակով համաժամանակյա գործողություններ են սկսվել 8 նահանգներում: Հայտնի է, որ կասկածյալների շարքում կան բժիշկներ և ուսուցիչներ:
Գործողությունների արդյունքում արդեն կան ձերբակալվածներ:
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը վերծանել էր ByLock հավելվածը, որի օգնությամբ ենթադրվում է, որ գյուլենական շարժման անդամները շփվել են միմյանց հետ: Ըստ թուրքական հետախուզական ծառայության տվյալների` ծրագրի միջոցով հաստատվել է Գյուլենի ավելի քան 53 հազար կողմնակցի ինքնություն:
Գյուլենականներն ու նրանց առաջնորդ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ:
Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը: