«Նաիրիտ» գործարանի վերագործարկման արդյունավետ ծրագիր առ այսօր կառավարությանը չի ներկայացվել
«Նաիրիտ» գործարանի առողջացման կամ վերագործարկման արդյունավետ և համալիր ծրագիր մինչ այս պահը որևէ մեկի կողմից չի ներկայացվել: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հարցին:
«Երբ մենք խոսում ենք «Նաիրիտ» գործարանի վերագործարկման կամ առողջացման մասին, մենք պետք է հասկանանք, որ պիտի լինի ծրագիր, որը կպատասխանի մի քանի կարևոր հարցերի: Դուք էլ եք մեզ տալու այդ հարցերը, երբ մենք նման փաստաթղթով ներկայանանք Ազգային ժողով: Մենք պետք է հետևյալ հարցերին պատասխանենք. Քանի՞ աշխատատեղ է ստեղծվելու «Նաիրիտ» գործարանում, ի՞նչ աշխատավարձով, ի՞նչ արտադրանք է արտադրելու, ի՞նչ ինքնարժեքով, որտե՞ղ է վաճառվելու այդ արտադրանքը և ի՞նչ գնով»,- ասաց նախարարը:
Նա հավելեց, որ այս պարզ հարցերը ներառող ծրագիր կամ փաստաթուղթ որևէ կազմակերպության կամ անհատի կողմից առ այսօր ներկայացված չէ:
Անդրադառնալով պատգամավորի մյուս հարցադրմանը, թե «Նաիրիտ» գործարանի գույքը, որը հանվել է օտարման, վաճառվում է շատ էժան գներով, երբ ժամանակին դրանք բավականին թանկ գներով են ձեռք բերվել՝ Աշոտ Մանուկյանն ընդգծեց, որ գործարանը գտնվում է լուծարման գործընթացում, որը իրականացվում է լուծարային կառավարչի կողմից, ով իր գործողությունների համար կառավարությանը հաշվետու չէ: Լուծարային կառավարիչը հաշվետու է բացառապես իրեն նշանակող դատարանին, իսկ կառավարությունը նշված հարցերի վերաբերյալ լուծարային կառավարչից բացատրություն պահանջելու իրավասություն չունի: