Գերմանացի օդաչուները հրաժարվել են կատարել ավելի քան 200 չվերթեր արտաքսված փախստականներով
Գերմանիայի մի շարք ավիաընկերությունների օդաչուները հրաժարվում են կատարել այն չվերթերը, որոնցով պետք է արտաքսվեն Գերմանիայում ապաստանի մերժում ստացած փախստականները: Այդ մասին հայտնել է բրիտանական Independent թերթը:
Նշվում է, որ այս տարվա հունվարից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակամիջոցում այդ պատճառով չեղարկվել է առնվազն 222 չվերթ: Ամենից հաճախ ավիաչվերթերից հրաժարվել են Lufthansa ընկերության եւ դրա դուստր ստորաբաժանման՝ Eurowings-ի անձնակազմերը:
Անձնակազմերի անդամների խոսքով՝ իրենք հանդես են գալիս փախստականներին հայրենիք, օրինակ, Աֆղանստան վերադարձնելու դեմ, քանի որ այդ երկրներում անվտանգության ոլորտի իրադրությունը մինչ օրս մնում է լարված: Գերմանիայի Միգրացիայի եւ փախստականների գործերի դաշնային վարչության տվյալների համաձայն՝ 2017 թվականի առաջին կեսին Գերմանիայում քննարկվել է երկրում ապաստանի ստացման ավելի քան 388 հազար խնդրագիր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: