Բաժիններ՝

Time հանդեսի ընթերցողները «Տարվա մարդ» են հայտարարել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնին

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը 2017-ի «Տարվա մարդ» է դարձել Time հանդեսի ընթերցողների առցանց քվեարկության արդյունքներով։

Արքայազնի օգտին քվեարկել է լսարանի 24 տոկոսը: Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը գլխավորել է նոյեմբերի 4-ին ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն: Հաջորդ օրը նա կարգադրել է ձերբակալել իշխող ընտանիքի 11 անդամների եւ 40-ից ավելի հայտնի պետական գործիչների, ազդեցիկ նախկին պաշտոնյաների ու գործարարների՝ փողերի լվացման, ծառայողական դիրքն անձնական շահերի համար օգտագործելու, գոյություն չունեցող գործարքներ կնքելու եւ կաշառքներ ստանալու մեղադրանքով:

Մեծ տարբերությամբ երկրորդ տեղում հայտնվել են #MeToo («Ես նույնպես») արշավի մասնակիցները: Սոցիալական ցանցերի օգտատերերը, որոնք պատմել են, թե ինչպես են իրենք հետամտումների զոհ դարձել, ստացել են հրատարակության ընթերցողների ձայների 6 տոկոսը:

5 տոկոս ձայներով երրորդ տեղը բաժանել են ամերիկյան ֆուտբոլի խաղացող Քոլին Քափերնիկը, «Ռուսաստանի գործով» ԱՄՆ-ի հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը եւ «Երազողները»՝ երիտասարդներ, որոնց ԱՄՆ են բերել անօրինականորեն երկիր ժամանած ծնողները: Անցյալ տարի ընթերցողական քվեարկության առաջատար էր դարձել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Հանդեսի ընթերցողների ընտրությունը, որպես կանոն, տարբերվում է խմբագրակազմի որոշումից: Վարկանիշի հաղթողի եւ «Տարվա մարդը» կոչմանն արժանացածի անունը հրատարակությունը կհրապարակի դեկտեմբերի 6-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս