Շիրխանյանը քաղբանտարկյալ է, Բաբայանը՝ ո՞չ. Բուռն քննարկում է եղել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժիրայր Սէֆիլյանի կոչով ստեղծված «Հանուն Հայաստան պետության ճակատի» վերջին նիստը բավականին բուռն է անցել, տեւել է 5 ժամ, օրակարգի գլխավոր հարցը Հայաստանում քաղբանտարկյալներին է վերաբերել։
Բանն այն է, որ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման շրջանակներում հայաստանյան իշխանությունները պարտավորվել են չունենալ քաղբանտարկյալներ։
Այս ճակատը պատրաստվում է Հայաստանում ԵՄ դեսպանությանը հայտարարություն-նամակ հղել եւ մատնանշել քաղբանտարկյալներին՝ անուն առ անուն։ Նախաձեռնող խմբում կարծիքները չեն համընկել զինված խմբի գործով պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի եւ Արթուր Վարդանյանի, ինչպես նաեւ Սամվել Բաբայանի հարցով։
Առաջին երկուսի դեպքում ընդհանուր կարծիքն այն է եղել, որ դա «սարքած» գործ է, իսկ գլխավոր դերակատարը՝ Հայր Անտոնը, ազատության մեջ է. «Այդ տրամաբանությամբ Հայաստանում 90 տոկոսի հետ կարելի է նման խոսակցություն վարել ու հետո գործ սարքել»։
Իսկ Սամվել Բաբայանի հարցում մատնացույց են արել, թե նա հրապարակային քաղաքական գործունեությամբ չի զբաղվել։
Միանշանակ ընդունվել է Անդրիաս Ղուկասյանի, Գեւորգ Սաֆարյանի, Կարո Եղնուկյանի եւ նույնիսկ «Սասնա ծռերի» զինված ապստամբների՝ քաղբանտարկյալ լինելու փաստը, նրանց անգամ «ռազմագերի» անվանումն են տվել՝ համարելով, որ նրանց գործողությունները քաղաքական պայքարի հետեւանք են։ Նախատեսվում է մինչեւ տարեվերջ պատրաստել հայտարարություն եւ այն ուղղել եվրոպական կառույցներին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: