«Թանկացել է կարագը, մսամթերքի որոշ տեսականիներ, երշիկեղենից մի քանի տեսակ և բաստուրման». Բաբկեն Պիպոյան
«Մենք նախորդ շաբաթ իրականացրել ենք փոքրիկ հետազոտություն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ խոսելով արդեն առկա և կանխատեսվող նախատոնական թանկացումների մասին:
Նա նկատեց, որ թանկացումները տեղի ունեցան մինչև դեկտեմբեր, երբ դեռևս ամանորյա եռուզեռը չէր սկսվել. «Այսինքն՝ հավկիթի, կարագի շուկայում տեղի ունեցած թանկացումն Ամանորով պայմանավորված չէր: Դա պայմանավորված էր վատ բիզնես միջավայր ունենալու հետ: Ինչ վերաբերում է արդեն ամանորյա թանկացումներին, սրա հետ կապված՝ մենք միշտ ուսումնասիրություն իրականացնում ենք առաջին տասնօրյակից հետո, որովհետև այս փուլում դեռևս ամանորյա առևտուր չկա, եթե անգամ ուշադիր նայեք շուկայում, ամանորյա եռուզեռ չկա, իսկ Ամանորով պայմանավորված՝ գնաճը միշտ զուգակցվում է նաև ամանորով պայմանավորված ակցիաներով: Այսինքն՝ եթե որոշ ապրանքատեսակներ թանկանում են, որոշ ապրանքների վրա սկսում ենք տեսնել նոր տարվա ակցիաները»:
Բ. Պիպոյանը նշեց, որ իրենց ուսումնասիրության համաձայն՝ այս պահին թանկացել է կարագը, մսամթերքի որոշ տեսականիներ, երշիկեղենից մի քանի տեսակ և բաստուրման: