Բրյուսելում երկրորդ լսումներն են ընթանում Պուչդեմոնին Իսպանիային արտահանձնելու հարցի շուրջ
Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին եւ ինքնավարության նախարարների կաբինետի նախկին չորս անդամներին Իսպանիային արտահանձնելու հարցի շուրջ երկրորդ լսումները դեկտեմբերի 4-ին տեղական ժամանակով ժամը 9:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 12:00-ին) բացվել են Բրյուսելի առաջին ատյանի դատարանի խորհրդակցական պալատում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Բելգիայի մայրաքաղաքի դատախազության ներկայացուցիչը: «Լսումներն սկսվել են, դրանք ընթանում են փակ դռների հետեւում»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Դատարանի խորհրդակցական պալատում նոյեմբերի 17-ին անցկացված առաջին լսումների ընթացքում Բրյուսելի դատախազությունը պահանջել էր Իսպանիային արտահանձնել Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավարին ու դրա չորս այլ նախկին անդամների:
Եթե դատավորը նման որոշում ընդունի, Պուչդեմոնը եւ կառավարության նախկին չորս անդամներն իրավունք ունեն այն բողոքարկել երկրորդ ատյանի դատարանում, որին որոշում ընդունելու համար հատկացվում է եւս 15 օր:
Իսպանիայի դատարանը նոյեմբերի 3-ին օրդեր է տվել Բրյուսելում գտնվող Պուչդեմոնին եւ կատալոնական կառավարության նախկին այլ անդամների կալանավորելու համար: Նրանց մեղադրում են ապստամբություն, խռովություն կազմակերպելու, պետական միջոցները վատնելու, ծառայողական դիրքը չարաշահելու եւ իշխանություններին չենթարկվելու մեջ: Ընդհանուր առմամբ այդ հանցագործությունները նախատեսում են ավելի քան 50 տարվա բանտային կալանք: