Ճապոնիայի կայսրը գահից կհրաժարվի 2019 թվականի ապրիլի 30-ին
Ճապոնիայի Ակիհիտո կայսրը գահից կհրաժարվի 2019 թվականի ապրիլի 30-ին: Այդ մասին, հայտնել է Kyodo News-ը: Ակիհիտոյի ավագ որդին՝ Նարուհիտոն, գահ կբարձրանա հաջորդ օրը՝ մայիսի 1-ին:
Այս որոշումը դեկտեմբերի 1-ին ընդունվել է կայսերական տան խորհրդի նիստում, խորհուրդ, որի կազմում ընդգրկված են օրենսդիր եւ դատական իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ միապետի ընտանիքի անդամներ: Այս մասին լրարգողներին պատմել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: Սպասվում է, որ կառավարությունը խորհրդի որոշումը պաշտոնապես կհասատի դեկտեմբերի 8-ին:
Այս տարվա հունիսին Ճապոնիայի խորհրդարանն ընդունել է օրենք, որն 83-ամյա Ակիհիտոյին թույլ է տալիս թողնել գահը: Նա ինքն է հայտնել այդ ցանկությունը՝ վկայակոչելով իր զառամյալ տարիքը: Ըստ որում երկրի օրենսդրությունը չէր նախատեսում գահից կայսեր հրաժարվելու հնարավորություն: Այս դեպքը կդառնա առաջինը երկու հարյուր տարվա ընթացքում (վերջին անգամ եղել է 1817 թվականին), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: