Բաժիններ՝

2018թ. օտարման ենթակա գույքի վաճառքը կիրականացվի նաև էլեկտրոնային աճուրդների միջոցով

Գործադիրը հաստատեց Պետական գույքի կառավարման 2018-2020 թթ. ծրագիրը:  Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ այն պետական գույքի կառավարման գրեթե բոլոր կողմերն ընդգրկող համապարփակ փաստաթուղթ է, որտեղ սահմանված են պետական գույքի կառավարման քաղաքականության հիմնական տարրերը, սկզբունքներն ու գերակայությունները, հիմնական միջոցառումները, սպասվելիք ֆինանսական արդյունքներով և պահանջվող ծախսերով, միջոցառումների համար պատասխանատու մարմիններով, ակնկալվող արդյունքներով:

«Ծրագրով, մասնավորապես՝ նախատեսվում է 2018 թ.-ից ներդնել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ անցկացնելու, դրանց գործունեությունը վերլուծելու, արդյունքներն ամփոփելու, գործունեության արդյունավետությունը որոշելու, գործադիր մարմինների ղեկավարների աշխատանքը գնահատելու և առաջարկություններ ներկայացնելու նոր գործիքակազմ:

Պետական գույքի հաշվառման և անշարժ գույքի գրանցամատյանի վարման համակարգն արդիականացնելու նպատակով 2018 թ.-ին հաշվառման փաստաթղթային համակարգից անցում կկատարվի էլեկտրոնային ինտեգրացված համակարգի: Պետական գույքի վաճառքի գործընթացում կներդրվեն առավել արդյունավետ ժամանակակից մեթոդներ և գործիքակազմ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ 2018թ. օտարման ենթակա գույքի վաճառքը կիրականացվի նաև էլեկտրոնային աճուրդների միջոցով:

«Այս ծրագիրը կարելի է համարել պետական գույքի կառավարման ոլորտում ամբողջական բարեփոխումների ծրագիր, որտեղ ամփոփված են ՀՀ Նախագահի և վարչապետի բոլոր հանձնարարականները»,- նշեց Սահակյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս