«Դուռը շրխկացնելով փակելն ամենահեշտ ու ամենակարճ ճանապարհն է». Նաիրա Զոհրաբյան
«Դուռը շրխկացնելով փակելն ամենահեշտ ու ամենակարճ ճանապարհն է: Փորձենք հասկանալ՝ ինչո՞ւ մենք չկարողացանք և մինչ այս պահը չենք կարողանում օգտվել ԵԱՏՄ ինտեգրացիոն բլոկի հնարավորություններից: Կարծում եմ՝ բոլոր պրոբլեմները պետք է փնտրել Հայաստանում»,- այսօր ԱԺ-ում ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը դադարեցնելու մասին խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ շեշտելով, որ ինքը եվրոպական ինտեգրացիայի կողմնակից է:
Նա մի շարք հարցադրումներ արեց՝ ինտեգրացիոն գործընթա՞ցն է մեղավոր, թե՞ իշխանությունը, որ մեր երկրի ներսում ծիրանի արտահանումը քվոտավորված է, մի քանի կոնկրետ մարդիկ իրավունք ունեն արտահանելու, ո՞վ է մեղավոր, որ Հայաստանը դարձել է «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունը, և որևէ այլ երկրի հետ իրավունք չունենք գազային պայմանագրեր կնքել: Ըստ նրա՝ տնտեսական ցանկացած ինտեգրացիոն բլոկից միշտ էլ կարելի է օգուտ ունենալ, եթե կա ադեկվատ քաղաքականություն վարող իշխանություն և կառավարություն:
«Եթե ԵՏՄ անդամ այլ երկրներ կարողանում են այդ միության խաղի կանոնները հարմարեցնել իրենց երկրի շահերին, մենք չենք կարողանում, ճիշտ կլինի՞ բողոքել Նազարբաևից ու Լուկաշենկոյից։ Իհա՛րկե ոչ»,- ասաց Ն.Զոհրաբյանը:
Անդրադառնալով 600 հազար աշխատանքային միգրանտներին՝ պատգամավորը նշեց, որ նրանք ամեն ամիս 150 մլն դոլար տրանսֆերտ են ուղարկում, արդյունքում՝ Հայաստանում աղքատությունը 30 % է, ոչ թե՝ 98 %:
«Այս ամենի ակունքներն այստեղ պետք է փնտրենք»,- ասաց Ն.Զոհրաբյանը: