«Եվրոպական ինտեգրացիա»-ի կոչը՝ իշխանություններին
«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության վարչության հայտարությունը նոյեմբերի 24-ին Բրյուսելում ԵՄ ԱլԳ գագաթաժողովի շրջանակներում «Եվրոպական Միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրա անդամ պետությունների` մի կողմից, և մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ստորագրման վերաբերյալ
«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը ՀՀ եվրաինտեգրման գործընթացի համատեքստում`
- ողջունում է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը՝ այն համարելով որոշիչ ՀՀ եվրաինտեգրման ներկա գործընթացում,
- վստահություն է հայտնում, որ Համաձայնագիրը կխթանի ՀՀ-ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցությունը՝ նպաստելով Հայաստանում տնտեսության, արդարադատության, պետական կառավարման ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, ժողովրդավարական հասարակության կայացմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությամբ զբաղվող ինստիտուտների ամրապնդմանը,
- կարևորում է Համաձայնագրում ամրագրված ԵՄ հավասարակշռված դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված,
- կարևորում է Համաձայնագրում ամրագրված տարածաշրջանային համագործակցության շրջանակներում անդրսահմանային տեղաշարժով բաց սահմանների առկայության խթանման, բարիդրացիական հարաբերությունների և ժողովրդավարական զարգացման անհրաժեշտությունը,
- դիտարկում է Համաձայնագրի ստորագրումը՝ որպես ՀՀ կողմից որդեգրված «և-և»-ի քաղաքականության կարևոր հանգրվան և երկու կողմերի դրսևորած բարձր քաղաքական կամքի արդյունք,
- անընդունելի է համարում ՀՀ ինտեգրացիոն գործընթացները միմյանց հակադրելու ցանկացած փորձ,
- համոզմունք է հայտնում, որ նոր Համաձայնագիրը հզոր խթան կհաղորդի ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ կյանքի կոչելով ոլորտային համագործակցության Համաձայնագրում ամրագրված հստակ շրջանակները,
- հույս է հայտնում, որ Համաձայնագրի ստորագրումն իր նպաստը կբերի ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացին,
- ամրագրում է, որ «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը պատրաստակամ է շարունակել իր ակտիվ աշխատանքը եվրաինտեգրման, Հայաստանում ժողովրդավարական արժեքների ամրապնդման ու տարածման, քաղաքացիական հասարակության կայացման ուղղություններով, այդ թվում՝ Համաձայնագրով նախատեսվող Քաղաքացիական հասարակության հարթակի շրջանակներում:
Հաշվի առնելով վերը շարադրվածը` «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն կոչ է անում.
ՀՀ իշխանություններին.
- կազմակերպել ՀՀ Ազգային ժողովի կողմից Համաձայնագրի վավերացման գործընթացը հնարավորինս կարճ ժամկետներում,
- ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ Համաձայնագրի արագ և արդյունավետ իրականացման համար,
- նպաստել Համաձայնագրով նախատեսվող Գործընկերության խորհրդի և Գործընկերության կոմիտեի աշխատանքների արագ և արդյունավետ մեկնարկին,
- օգտագործել Համաձայնագրով նախատեսվող Խորհրդարանական գործընկերության կոմիտեն և նրա լիազորությունները՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կյանքի կոչման և կյանքի տարբեր ոլորտներում եվրոպական փորձի տեղայնացման նպատակով,
- նպաստել Համաձայնագրի բովանդակության վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանը՝ փոխգործակցելով քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ,
- նպաստել Համաձայնագրի իրականացման գործընթացի թափանցիկության ապահովմանը՝ քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչների ներգրավման միջոցով, այդ թվում՝ Համաձայնագրով նախատեսվող Քաղաքացիական հասարակության հարթակի շրջանակներում,
- Համաձայնագրի իրականացման գործընթացում պետության և հանրության շահերին անմիջականորեն առնչվող հարցերում որոշումների կայացման գործընթացը դարձնել առավել մասնակցային, կանխատեսելի և ընկալելի,
- ակտիվացնել ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացմանն առնչվող գործընթացները,
- չսահմանափակվել միայն Համաձայնագրում ամրագրված դրույթներով և ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման համատեքստում ցուցաբերել նաև նախաձեռնողականություն՝ առավել խորացնելով երկկողմ կապերը:
ԵՄ ղեկավարությանը և անդամ երկրների կառավարություններին.
- կազմակերպել ազգային խորհրդարանների և Եվրախորհրդարանի կողմից Համաձայնագրի վավերացման գործընթացը հնարավորինս կարճ ժամկետներում,
- ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ Համաձայնագրի արագ և արդյունավետ իրականացման համար՝ ապահովելով նաև քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներգրավվածութունը գործընթացում,
- նպաստել Համաձայնագրով նախատեսվող Գործընկերության խորհրդի, Գործընկերության կոմիտեի, Խորհրդարանական գործընկերության կոմիտեի գործունեությանը՝ Համաձայնագրի արդյունավետ իրականացման համատեքստում,
- ներդնել ջանքեր ՀՀ-ԵՄ ինտեգրման գործընթացների արդյունավետության ապահովման նպատակով հայ-թուրքական սահմանի բացման, ՀՀ-ի ապաշրջափակման ուղղությամբ,
- ակտիվացնել ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացմանն առնչվող գործընթացները:
ՀՀ և ԵՄ քաղաքացիական հասարակության ինստիտուտներին.
- նպաստել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք և արդյունավետ իրականացմանը,
- հնարավորինս ակտիվ և արդյունավետ ներգրավվել Համաձայնագրով նախատեսվող Քաղաքացիական հասարակության հարթակում և ի շահ հանրության օգտագործել դրա ընձեռած հնարավորությունները: