Բաժիններ՝

«ՌԴ-Իրան-Թուրքիա գագաթնաժողովը կօժանդակի Դամասկոսի և ընդդիմության բանակցություններին». Լավրով

Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Հասան Ռոուհանիի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նոյեմբերի 22-ին Սոչիում կայանալիք հանդիպումը պետք է խթանի ուղղակի բանակցությունները Սիրիայի կառավարության եւ ընդդիմության միջեւ: Այդ մասին նոյեմբերի 17-ին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Վերջին ամիսներին մենք մեծ ակտիվություն չենք տեսնում ՄԱԿ-ի մեր գործընկերների կողմից: Կարծում եմ, որ եռակողմ հանդիպումը կօգնի խթանել շարժումը դեպի կառավարության եւ ընդդիմության ողջ սպեկտրի միջեւ ուղղակի բանակցությունները հակամարտության ավարտից հետո Սիրիայում քաղաքական կառուցվածքի շուրջ»,- ընդգծել է Լավրովը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նոյեմբերի 16-ին լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահները նոյեմբերի 22-ին կհանդիպեն Սոչիում՝ քննարկելու Սիրիայի իրադրության կարգավորման խնդիրները:

Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան, Մոսկվան եւ Թեհրանը պլանավորում են զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի եռակողմ հանդիպում անցկացնել Սիրիայի իրադրության շուրջ: «Նոյեմբերի 22-ին մենք Սոչիում կհանդիպենք ՌԴ-ի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Հասան Ռոուհանիի հետ: Մեր երկրները ցանկանում են շարունակել Աստանայի գործընթացը սիրիական կարգավորման շուրջ:

Դրանից մեկ օր առաջ կհանդիպեն մեր արտաքին գործերի նախարարները՝ նախապատրաստելու ղեկավարների գագաթնաժողովը, նույն օրը նրանք կքննարկեն գլխավոր շտաբների պետերի հանդիպման հարցը»,-ասել է Էրդողանը: Նա հավելել է, որ Սոչիում «հնարավորություն կլինի քննարկել Սիրիայի վերջին իրադարձությունները, նախեւառաջ Իդլիբի եւ Աֆրինի իրադրությունը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս