«Հայաստանում դեռևս դժվարին տնտեսական վիճակ է. ես չեմ ուզում ձևացնել, թե դա այդպես չէ». Ռիչարդ Միլս

«Աշխատատեղեր Հայաստանում կան, կարող եմ դա հաստատել։ Այստեղ ներկա գործատուների հետ զրուցելու առիթ ունեցա, տարբեր ոլորտի մասնագետների կարիք զգացվում է նրանց մոտ»,- այսօր ԱՄՆ դեսպանատան օժանդակությամբ կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։

Դեսպանի խոսքով՝ միջոցառումը ոչ միայն աշխատանք առաջարկելուն է միտված, այլև նպատակ ունի օգնել ձեռներեցներին, որոնք ցանկանում են Հայաստանում աշխատատեղեր ստեղծել․«Ձեռներեցները միմյանց հետ կապ հաստատելու հնարավորություն կունենան, ինչը կնպաստի հայերի ձեռնարկատիրական ջիղի զարգացմանը»։

Ռիչարդ Միլսը համոզված է՝ լավ աշխատանք ունենալու հիմքը կրթությունն է. «Լավ կրթությունը, որն ապահովում է անհրաժեշտ իմացություն և գիտելիքներ։ Երիտասարդ հայերն ու ամերիկացիները պետք է հասկանան՝ այնպես չէ, որ միանգամից կքայլես ու կհասնես քո երազանքի աշխատանքին։ Շատ դեպքերում պահանջվում է ինչ-որ մի տեղ պրակտիկա անցնել, հետո այնտեղ քեզ հետաքրքրող մասնագիտությունների տեր մարդկանց շրջանում կապեր ձևավորել, քո հմտությունները զարգացնել և նոր քո առաջընթացը գրանցել այդ ոլորտում։ Այս միջոցառումը, կարծում եմ՝ հենց նման կապերի հնարավորություն է ընձեռում»։

Նա ասաց, որ Հայաստանում շատ նպաստավոր միջավայր է ձեռներեցության, նորարարության, նոր բիզնես գաղափարների համար. «Մենք դա տեսել ենք ՏՏ ոլորտում.  հայաստանյան ընկերությունները ստեղծում են իրենց պրոդուկտները, նաև աշխատում են աշխարհի տարբեր ՏՏ ոլորտի կառույցների հետ։ Որպեսզի պաշտպանված լինեն այս մարդիկ, ովքեր իրենց մտքի պրոդուկտներն են ձևավորում (մեկը կարող է Apple-ի համար հավելված մշակել, մյուսը կարող է տեսանյութ տեղադրել Youtube-ում), աշխատանք պետք է տարվի մտավոր սեփականության պաշտպանության ուղղությամբ»։

Դիտարկմանը, թե՝ միջոցառմանը 180 թափուր աշխատատեղ է ներկայացված, բայց շատերն աշխատատեղի բացակայությունից են դժգոհում և լքում են երկիրը, այդ թվում՝ ԱՄՆ, Ռիչարդ Միլսն արձագաքեց. «Այո, Դուք ճիշտ եք, Հայաստանում դեռևս դժվարին տնտեսական վիճակ է: Ես չեմ ուզում ձևացնել, թե դա այդպես չէ, չնայած՝ այստեղ ներկայացված են մեծ թվով աշխատատեղեր: Ես չեմ կարող ասել, թե մարդիկ ինչու են Հայաստանից հեռանում, բայց կարող եմ ասել, որ, եթե Հայաստանը  շարունակի տնտեսական բարեփոխումների, ձեռներեցության խթանման, քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված իր ջանքերը, ապա մարդիկ ավելի ու ավելի շատ կցանկանան մնալ իրենց երկրում»:

Տեսանյութեր

Լրահոս