Ինչպե՞ս արագ կողմնորոշվել երկրաշարժի ժամանակ. պարզաբանում է ոլորտի պատասխանատուն
Ինչպե՞ս արագ կողմնորոշվել երկրաշարժի ժամանակ և պաշտպանվել նման իրավիճակում:
«Արցախպրես»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Հայկանուշ Եսայանն ասել է, որ դեռևս Սպիտակի երկրաշարժի դասերը ցույց են տվել, որ մարդիկ չգիտեին երկրաշարժից պաշտպանվելու կանոնները, և այդ պատճառով եղան այդքան անդառնալի մարդկային կորուստներ:
«Քանի որ գտնվում ենք սեյսմավտանգ գոտում, ու դա պարզ դարձավ Սպիտակի երկրաշարժից հետո, երբ Արցախի տարածքը ուսումնասիրվեց երկրաշարժագիտության մեջ և պարզվեց, որ այն գտնվում է 8-9 բալ ուժգնությամբ գոտում, հետևաբար բնակչության իրազեկվածությունը շատ կարևոր է»,- ասել է Հ. Եսայանը:
Անդրադառնալով երկրաշարժից պաշտպանվելու վարքականոններին` մեր զրուցակցը նշել է, որ այն նույնն է թե՛ մեծերի և թե՛ փոքրերի համար:
«Երկրաշարժի ժամանակ փողոցում գտնվելիս պետք է հեռանալ շենքերից և էլեկտրահաղորդալարերից դեպի բաց տարածություն, իսկ եթե տրանսպորտի մեջ եք, ապա այն կանգնեցնել բարձրահարկերից հեռու և մնալ տեղում մինչև ցնցումների ավարտը: Բայց եթե ապրում եք բազմաբնակարան շենքերում, առաջին և երկրորդ հարկերից անմիջապես պետք է դուրս գալ բաց տարածություն, իսկ երրորդ և ավելի բարձրահարկերում գտնվողները ցնցումների ժամանակ պետք է պաշտպանվեն անվտանգ, ապահով տեղերում: Դրանք են սենյակների չորս անկյունները, դռան բացվածքները: Մտնել ամուր սեղանների տակ` խուսափելով վերևից թափվող բեկորներից»,- ասել է Հ. Եսայանը և ավելացրել, որ երկրաշարժից պաշտպանվելու «ոսկե կանոնը» խուճապի չմատնվելն է:
Կայքի զրուցակիցը նշել է նաև, որ ծառայության աշխատակիցները պարբերաբար լինում են ԱՀ տարբեր շրջանների գյուղերի մանկապարտեզներում, դպրոցներում և բնակչության լայն շերտերի համար իրականացնում են սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցման դասընթացներ: