«Թուրքիան այժմ ընկել է Ռուսաստանի և Իրանի վարած արտաքին քաղաքականության հոսանքի մեջ». Մահչուփյան
Նոյեմբերի 16-ին Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական հայազգի Էթյեն Մահչուփյանը թուրքական ընդդիմադիր «T24» լրատվական կայքում հրապարակել է հոդված՝ «Իշխանության նախընտրությունները և պատասխանատվությունը» խորագրով:
Դրանում Մահչուփյանը անդրադարձել է մասնավորապես Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության վարած ներքին և արտաքին քաղաքականությանը:
Մահչուփյանի կարծիքով՝ իշխանությունները թե՛ արտաքին քաղաքականություն, թե՛ քրդական հարցում ոչ իրատեսական և հակադեմոկրատական նախընտրություններ են անում:
Նա նշում է, որ ԱԶԿ-ն Թուրքիային հեռացնում է օրենքի երկրի սկզբունքներից: Դրա հետևանքով սահմանափակվում է երկրում խոսքի ազատության իրավունքը: Այդ ամենը իհարկե գալիս է ԱԶԿ-ի ղեկավարից, այսինքն Թուրքիայի նախագահից:
Մահչուփյանի խոսքով՝ ԱԶԿ-ի վարած քաղաքականության հետևանքով Թուրքիայում անկում է ապրում նաև տնտեսությունը, ֆինանսական քաղաքականությանը հայտնվում է փակուղում:
Նա նշել է նաև, որ քրդական հարցում նույնպես հեռանկարներ չեն երևում: Քանի որ ընթացող թուրք-քրդական բախումները ավելի են դժվարացնում հարցի կարգավորումը:
Արտաքին քաղաքականությունում Թուրքիայի դիրքերը նույպես ամուր չեն ըստ հեղինակի:
«Տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումների հետևանքով, Թուրքիան կորցրեց Մերձավոր Արևելքում իր իրական միակ դաշնակցին՝ Իրաքյան Քուրդիստանին: Փոխարենը Թուրքիան այժմ ընկել է Ռուսաստանի և Իրանի վարած արտաքին քաղաքականության հոսանքի մեջ, ինչը երկրի համար բացասական հետևանքներ կարող է ունենալ»,-գրում է Մահչուփյանը: