ԱՄՆ-ի Կոնգրեսը հավանություն տվեց Ուկրաինային 350 մլն դոլարի ռազմական օգնությանը
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը նոյեմբերի16-ին հավանություն է տվել Պենտագոնի քաղաքականության եւ 2018 թվականին դրա ֆինանսավորման օրինագծին, որում հոդվածներ են տեղ գտել Ուկրաինային ռազմական, այդ թվում՝ մահաբեր բնույթի օգնություն ցույց տալու մասին:
Քվեարկությունը կատարվել է պարզեցված արագացված ընթացակարգով, այժմ տեքստն ստորագրման է ուղարկվել ԱՄՆ-ի նախագահին։
Օրինագծի համաձայն՝ պաշտպանության նախարարությանը թույլատրվում է 350 միլիոն դոլար ծախսել Կիեւին պաշտպանական սպառազինություն, տեխնիկա մատակարարելու, ինչպես նաեւ ուկրաինացի զինվորականների պատրաստում իրականացնելու համար: Բայց նախատեսված են նաեւ սահմանափակումներ. նախարարության ղեկավարը կկարողանա օգտագործել նշված գումարի սոսկ կեսը: Երկրորդ մասը մատչելի կլինի միայն այն բանից հետո, երբ նա Կոնգրեսին կհավաստիացնի Ուկրաինայի իշխանությունների կողմից պաշտպանության ոլորտում «ինստիտուցիոնալ բարենորոգումների» անցկացման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: