Դասղեկների փողերը կտրել են. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզի մի շարք համայնքների ուսուցչական կոլեկտիվներից վերջին շաբաթներին ահազանգ ենք ստանում, որ մարզպետարանը կրճատել է դասղեկների աշխատավարձերը։
Հիշեցնենք, որ դասղեկական դասարան ունեցող ուսուցիչները, բացի աշխատավարձից, ստանում են նաև հավելյալ 22 հազար դրամ, սակայն մարզի տարբեր դպրոցներում տարբեր մոտեցում է դրսեւորվել։ Օրինակ՝ Արտաշատ քաղաքի որոշ դպրոցներում այդ թիվը նվազեցրել են՝ դարձնելով մինչև 6 հազար, իսկ որոշ գյուղերում կրճատել են կիսով չափ։ Մարզպետարանի համապատասխան վարչությունից այս փոփոխությունը բացատրել են բյուջեի սղությամբ։
Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանն այս առիթով մեր հարցը լսելուց հետո բորբոքվեց․ «Չարաչար սխալվում են, էդպիսի բան չկա։ Ուրեմն հարցազրույցի համար եկեք ինձ մոտ, հեռախոսով ոչ մի բան հայտնելու իրավունք չունեմ Ձեզ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։