Հունաստանում հեղեղումներն առնվազն երեք մարդու կյանք են խլել
Աթենքի արվարձաններում տեղատարափներից առաջացած հեղեղումները երեք մարդու զոհվելու պատճառ են դարձել: Այդ մասին գրել է Kathimerini թերթը: Բոլոր զոհերն ապրում էին Հունաստանի մայրաքաղաքից հյուսիս-արեւմուտք ընկած Մանդրա քաղաքում:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ փոթորիկը Հունաստանի արեւելյան մասի կղզում մոլեգնել է նոյեմբերի 13-ին: Նոյեմբերի 14-ին իշխանություններն արտակարգ դրություն են սահմանել Սիմի կղզում, որտեղ տարերքի պատճառով վնասվել են բնակելի շինություններ եւ խախտվել էլեկտրամատակարարումը: Հրատարակությունը հայտնել է, որ մեծ թվով մարդիկ իրենց տներն ու ավտոմեքենաները չեն կարողանում լքել ջրի հորձանքի պատճառով:
Իշխանություններն օգնություն ցուցաբերելու խնդրանքով առնվազն 340 հաղորդագրություն են ստացել աղետի ենթարկված մարդկանցից: Ջուրը ողողել է ավտոճանապարհները: Տարերային աղետի պայմաններում տարածաշրջանի դպրոցները չեղարկել են պարապմունքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: