Ուսանողական բողոքի ակցիայի մասնակից Ռոբերտ Գրիգորյանը բերման է ենթարկվել
Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ բերման է ենթարկվել ուսանողներից մեկը՝ Ռոբերտ Գրիգորյանը։
Վերջինիս, ըստ ուսանողների, բերման են ենթարկել Բաղրամյան պողոտայի ներքևի հատվածից. նրան են մոտեցել մի քանի տղամարդ և, ներկայանալով որպես քրեականի աշխատակիցներ, նստեցրել են մեքենան և տարել:
Ոստիկանությունից հայտնել են, որ ուսանողը բերման է ենթարկվել Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում։ Վերջինիս բերման ենթարկելու հիմքերի մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին. «ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվում են բազմաթիվ քրեական գործեր, որոնց շրջանակներում իրավասու մարմինների կողմից իրականացվում են օպերատիվ-որոնողական միջոցառումներ։ Այս պահի դրությամբ՝ Ձեր կողմից վկայակոչված անուն-ազգանունով անձ վարույթն իրականացնող մարմնին չի ներկայացվել»։
Ի դեպ՝ ՔԿ-ից պարզաբանեցին, որ ակցիաների առնչությամբ որեւէ քրեական գործ քննչական կոմիտեի վարույթում չի հարուցվել և չի քննվում։