Բաժիններ՝

Disney-ը նոր եռերգություն է նկարահանելու «Աստղային պատերազմների» մոտիվներով

The Walt Disney Company կինոընկերությունը նոյեմբերի 9-ին հայտարարել է «Աստղային պատերազմներ» լեգենդար կինոսագայի մոտիվներով չորրորդ եռերգության նկարահանման պլանների մասին: Համապատասխան հայտարարությունը հրապարակված է «Աստղային պատերազմների» պաշտոնական կայքում։

Դրա համաձայն, նոր ֆիլմերի սցենարիստն ու ռեժիսորը կդառնա Ռայան Ջոնսոնը, որը նկարահանել է կինոէպոպեայի «էպիզոդ VIII. վերջին ջեդայները» ութերորդ էպիզոդը, որի պրեմիերան պլանավորված է այս տարվա դեկտեմբերի 14-ին: Նոր եռերգությունը կապված չի լինելու Սքայուոքերների ընտանիքի պատմության հետ: «Ջոնսոնը նոր հերոսներին կներկայացնի «Աստղային պատերազմների» գալակտիկայի այն անկյունից, որն ավելի վաղ ոչ ոք չի հետազոտել»,-ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

The Walt Disney Company-ն Ջորջ Լուկասի հիմնադրած Lucasfilm ընկերությունը, որն «Աստղային պատերազմների» իրավունքների սեփականատերն է, 4,05 մլրդ դոլարով ձեռք է բերել 2012 թվականին: Շատ չանցած հայտարարվել է նոր եռերգության նկարահանման պլանների մասին: Դրա առաջին սերիան՝ «էպիզոդ VII. ուժի զարթոնքը» (ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամս), էկրան է բարձրացել 2015 թվականի դեկտեմբերի 14-ին: Նույն այդ տարում The Walt Disney Company-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ընկերությունը պատրաստվում է ամեն տարի թողարկել «Աստղային պատերազմների» ցիկլի մեկական ֆիլմ:

«Էպիզոդ IX»-ի թողարկումը, որը դեռեւս ամբողջական անվանում չունի, նախնական կարգով պլանավորված է 2019 թվականին: Բացի այդ, Lucasfilm-ն սկսել է «Աստղային պատերազմներ. պատմություններ» առանձին կինոսերիալ-անթոլոգիայի արտադրությունը, որի առաջին մասը դարձել է «Վտարակ-մեկ»-ը (2016 թ. ռեժիսորը՝ Հարեթ Էդվարդս): Այս ցիկլի երկրորդ կինոնկարը՝ «Հան-Սոլո»-ն (ռեժիսորներ Ֆիլ Լորդ եւ Քրիստոֆեր Միլլեր), ներկայում նկարահանվում է եւ պետք է էկրաններին հայտնվի 2018 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս