Բաժիններ՝

«Համալսարանների ղեկավարներն են հրահրում ուսանողների բողոքի ակցիաները, որովհետև նրանց գումարները պակասելու են». Վովա Վարդանով

Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր-հրամանատար, «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովի կարծիքով՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծով տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքի ցույց անցկացնող ուսանողների բողոքի ակցիան դեռևս մեկ բացատրություն ունի:

168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ համալսարանների ղեկավարություններն են այդ ակցիաները հրահրում, որովհետև, նրա խոսքով, նրանց գումարները պակասելու են. «Քանի որ ուսանողների զգալի մասը սովորում է հենց այն պատճառով, որ բանակից խուսափի»:

Վ. Վարդանովը գտնում է՝ համալսարանների ղեկավարներն ուզում են պաշտպանել իրենց գրպանը. «Ուղղակի ինձ հերթական անգամ զարմացնում է մեր երիտասարդությունը, որ չի հասկանում, թե ոնց են իրեն ռեալ պայքարից ծռում, շուռ տալիս ուրիշ վիճակների մեջ, ու իրենք, փաստացի ուրիշի շահերը պաշտպանելով, առաջ են տանում այդ կասկածելի գաղափարները, որ հայրենիքը պաշտպանել պետք չէ: Դա այդ է նշանակում, ուրիշ ոչ մի բան, որ հայրենիքը պետք է պաշտպանի ինչ-որ ռամիկ, հողագործ, բայց ոչ՝ կրթություն ունեցողը»:

Հարցին, թե՝ ի՞նչ եք կարծում՝ իշխանություններն այդ հարցում ինչ-որ զիջումների կգնա՞ն, Վ. Վարդանովը պատասխանեց, որ ինքը լիներ, չէր զիջի. «Ցավոք, իշխանություններից ոչ մեկի հետ կապ չունեմ, թե չէ գոնե կհամոզեի նման բան չանել»:

Մեր դիտարկմանը, թե՝ ուսանողները հիմնավորում են իրենց այդ քայլը՝ ասելով, որ տարկետման իրավունքի վերացումը գիտությանը և կրթությանը շատ մեծ հարված է հասցնելու, Վ. Վարդանովն այսպես արձագանքեց. «Հազարավոր մարդիկ են անցել այս ընթացքում ինստիտուտներով, ազատվել բանակից, քանի՞ գիտնական ունենք, գոնե հազարից մեկը չպե՞տք է լիներ»:

Ճշտող հարցին, թե՝ Դուք չե՞ք գտնում, որ տարկետման իրավունքի վերացումը որևէ ձևով կանդրադառնա կրթական և գիտական ոլորտների վրա, Վ. Վարդանովն այսպես արձագանքեց. «Կանդրադառնա: Վերջապես ինստիտուտ կգնա այն մարդը, ով իրոք ուզում է այդ գիտական ճյուղով զբաղվել, ու գիտությունը կսկսի վերջապես վերելք ապրել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս