Մայրը կարող է սկեսրոջը վարձել որպես երեխայի դայակ, որի համար պետությունը կվճարի. նոր օրենք. «ՀԺ»
Աշխատող մայերին այլեւս չի վճարվի 18 հազար դրամ նպաստը, որը ստանում էին երեխայի խնամքի արձակուրդի ժամանակ: Դրա փոխարեն պետությունը կվճարի երեխայի խնամքով զբաղվող դայակի համար: Այս մասին ԱԺ-ում armtimes.com-ի հետ զրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Օրենքի նախագիծը դեռ մշակման փուլում է:
«Այն կինը, որը գտնվում է մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ստանում է 18 հազար դրամը, սակայն, եթե այդ կինը ցանկանում է վերադառնալ աշխատանքի, իսկ երեխայի խնամքի համար վարձում է դայակ, ապա պետությունը վճարում է այդ դայակի աշխատավարձի 50 տոկոսը: Այդ գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձը: Այսինքն, եթե դայակի աշխատավարը 110 հազար դրամ է, պետությունը վճարում է 55 հազար դրամը, մնացած գումարը վճարվում է ծնողի կողմից»,- ասաց Արտեմ Ասատրյանը:
Դայակի եւ ծնողի միջեւ պետք է պարտադիր պայմանագիր կնքվի, որի առկայության դեպքում միայն պետությունը կվճարի իր հասանելիքը:
Armtimes.com-ի հարցին՝ իսկ եթե երեխայի մայրը դայակի աշխատանքի պայմանագիրը ստորագրում է սկեսրոջ հետ, այս դեպքում սահմանափակումներ կլինե՞ն, նախարարն ասաց.
«Եթե վարձու աշխատանք ձեւակերպի, որեւէ սահմանափակում չի լինի: Աշխատանքային օրենսգրքի համաձայն, եթե սահմանափակումներ կան, ապա կլինեն, լրացուցիչ սահմանափակումներ չեն լինի»,- պարզաբանեց նախարարը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: