Apple-ի արտադրանքը նոր կրոն է դարձել. գիտնականներ
Նեյրոկենսաբանները պարզել են, որ Apple ընկերության արտադրանքի վերաբերյալ մտքերը գործի են դնում մարդու ուղեղի այն տեղամասերը, որոնք նաեւ արձագանքում են հավատացյալների կրոնական պատկերացումներին:
Այդ մասին հայտնել է World Religion News-ը: BBC-ի վավերագրական ֆիլմում գիտնականները սքանավորել են Apple-ի երկրպագուի ուղեղը, որը հայտարարել է, թե ինքը սիրելի արտադրանքի մասին մտածում է օրական 24 ժամ:
«Հետազոտությունը ցույց է տվել, որ խոշոր տեխնիկական բրենդը ներգործում է ուղեղի այն մասերի վրա, որոնք նախատեսված են կրոնական տեղեկատվության մշակման համար»,- եզրակացրել են մասնագետները: Մարդաբաններն, իրենց հերթին, հայտարարել են, որ Apple-ի խանութների կառուցումն ընդհանուր շատ բան ունի եկեղեցիների կառուցման հետ. խստություն, մեղմ լուսավորում եւ նույնիսկ սրբազան լոգոտիպ:
Նոր «հավատքում» աստվածության դերում հանդես է գալիս Սթիվ Ջոբսը, որը ճառերով հետեւորդներին ոգեշնչում է միանալու Apple-ի երկրպագուների թվին: Իսկ «հավատացյալների» մեծ բազմություններն արդեն գիշերն են հերթի կանգնում, որպեսզի գլուխ խոնարհեն «սրբությանը»՝ ընկերության որեւիցե նոր ատադրանքին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: