Թուրքական լոլիկի առաջին խմբաքանակն ուղարկվել է Ռուսաստան
Թուրքիայի միջերկրածովյան տարածաշրջանի սեզոնային բանջարեղենի եւ մրգերի արտահանողների միության ղեկավար Ալի Քավակը նոյեմբերի 2-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ արգելքի չեղարկումից հետո թուրքական լոլիկի առաջին խմբաքանակն ուղարկվել է Ռուսաստան։
«Ռուսաստանին լոլիկի մատկարարումներն սկսվել են, առաջին խմբաքանակն ուղարկվել է այսօր»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ ՌԴ կառավարության կայքում հրապարակվել էր որոշում, որի համաձայն՝ Ռուսաստանը նոյեմբերի 1-ից թույլատրում է թուրքական լոլիկի ներկրումը ՌԴ գյուղատնտեսության նախարարության կողմից հաստատված ծավալի սահմաններում:
Միաժամանակ ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը հրապարակել է հրամանի նախագիծ, ըստ որի Թուրքիայից թույլատրվում է մինչեւ 2017 թվականի վերջը ներկրել 50 հազար տոննայից ոչ ավելի լոլիկ: