«Ադրբեջանում և Վրաստանում կմեծանա Թուրքիայի ազդեցությունը». Հայկ Գաբրիելյան
Թուրքագետ Հայկ Գաբրիելյանն այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված ճեպազրույց-քննարկման ընթացքում պարզաբանեց, թե ինչու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումն այսքան ձգձգվեց, և ինչու հենց այս տարի այն տեղի ունեցավ։
«2015թ․ դրությամբ արդեն պատրաստ էին երկաթգծի ամենաերկար հատվածները (ադրբեջանական և վրացական), մինչդեռ թուրքական հատվածը պատրաստ չէր։ Նախագծի շրջանակներում Թուրքիան պետք է կառուցեր 76 կմ երկարությամբ երկաթուղի, որի համար նրանից պահանջվեց շուրջ 10 տարի։ Հայտնի է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին զուգահեռ՝ որոշ ժամանակով սառեցվեց երկաթգծի կառուցումը, սակայն, նույնիսկ դա հաշվի առնելով՝ երկաթգծի կառուցումն այդքան երկար չպետք է տևեր։ Թուրքական կողմն այդ ձգձգումը պաշտոնապես բացատրում էր բարդ ռելիեֆով տեղանքի առկայությամբ։ Բայց վերջին 15 տարում Թուրքիայում տարեկան կառուցվել է 135-180 կմ երկաթգիծ, այսինքն՝ մեկ տարում Թուրքիայում կառուցվել է կրկնակի երկար երկաթգիծ, քան անհրաժեշտ էր Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի համար»,- պարզաբանեց Հայկ Գաբրիելյանը։
Հետևաբար, ըստ նրա՝ Թուրքիան միտումնավոր էր ձգձգում երկաթգծի կառուցումը։ Թուրքագետն ասաց, որ ձգձումը կապված էր Թուրքիա-Ադրբեջան տարաձայնությունների հետ.
«Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկու հիմնական տարաձայնություն կա՝ ազատ առևտրի ռեժիմի համաձայնագիր, Նախիջևանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծում և վիզային ռեժիմի վերացման խնդիր։ Վերջին տարիներին Թուրքիան ցանկանում էր Ադրբեջանի հետ ստորագրել ազատ առևտրի համաձայնագիր, մինչդեռ ադրբեջանական կողմը խուսափում էր։ Թուրքիան Վրաստանի հետ վաղուց ունի ազատ առևտրի ռեժիմ, այնտեղ նման պարագայում զարմանում էին, որ Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել նման պայմանագիր։ Թուրքիան տարիներ առաջ վերացրել է վիզային ռեժիմն Ադրբեջանի քաղաքացիների համար, մինչդեռ Ադրբեջանը նույնը չի անում»։
Թուրքագետի խոսքով՝ ադրբեջանցի բարձր պաշտոնյա Ալի Հասանովն ասել է, որ իրականում Ադրբեջանը խնդիր չունի Թուրքիայի հետ վիզային ռեժիմը վերացնելու հարցում, խնդիրն Իրանի մեջ է.
«Նա ասաց, որ Իրանը պահանջել է, որ, եթե Թուրքիայի հետ վերացվի վիզային ռեժիմը, նույնը պետք է արվի Իրանի քաղաքացիների համար՝ սպառնալով, որ հակառակ դեպքում կկտրի Նախիջևանի ցամաքային կապը։ Ադրբեջանը վախենում է, որ Իրանն իսլամիստ հոգևորականների կուղարկի Ադրբեջան, և դրանով կմեծանա իսլամիստների դերը երկրում։ Այս խնդիրները կապ ունեն երկաթգծի հետ։ Դրա բացումը տեղի ունեցավ հենց այս ժամանակաշրջանում, որովհետև Ադրբեջանն արդեն համաձայնել էր, որ Նախիջևանում ազատ առևտրի գոտի ստեղծվի։ Ինչ վերաբերում է վիզային ռեժիմի ազատականացմանը, ապա այս հարցում դեռ առաջընթաց չկա»։
Եթե Ադրբեջանը չհամաձայնի Թուրքիայի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը, ապա, ըստ Գաբրիելյանի՝ Թուրքիան դա կօգտագործի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շարունակությունը հանդիսացող Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթգիծն իրագործելու համար։
Իսկ Բաքու-Թբիլիսի-Կարս երկթագիծը, ըստ թուրքագետի՝ կհանգեցնի նրան, որ Ադրբեջանում և Վրաստանում կմեծանա Թուրքիայի ազդեցությունը։