3-ամյա երեխային պատանդ վերցրած տղամարդը խմիչքի ազդեցության տակ է եղել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Արմավիրի մարզի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցրած 36-ամյա Արգամ Հովիկյանը դեռևս գտնվում է Արմավիրի հիվանդանոցում:

Տեղեկացրել ենք, Արգամ Հովիկյանը երեկ շուրջ 4 ժամ պատանդ էր պահել «Մանուշակ» մանկապարտեզի սաներից մեկին՝ 3-ամյա Հմայակին: Նա պահանջում էր նախկին կնոջը:

Մեր զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհդրական Սոնա Տռուզյանն ասաց, որ տղամարդն ունի ձերբակալվածի կարգավիճակ: Նա դեռ չի հարցաքննվել: Հիշեցնենք, որ Արգամ Հովիկյանը երեկ ինքնավնասում է կատարել. նա վնասվածքներ է ստացել կրծքավանդակի հատվածում և վիրահատվել:

Պատանդառուի նախկին կինը՝ 23-ամյա Լ. Հովհաննիսյանը, նույնպես հիվանդանոցում է. նա երեկ երեկոյան տեղափոխվել է թիվ 1 հիվանդանոցային համալիր: Հիվանդանոցի մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ համալսարանական հիվանդանոց տեղափոխված 23-ամյա կնոջը երեկ ժամը 23.00-ի սահմաններում կատարվել է միկրովիրաբուժական վիրահատություն՝ աջ դաստակի ամբողջականությունը վերականգնելու նպատակով: «Նշենք նաև, որ հիվանդի մոտ կրծքավանդակի 5-րդ, 6-րդ կողերի արանքում առկա էր վերք: Կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա, վերքի առաջնային մշակում: Եվս մեկ վնասվածք՝ ծնոտի տակը կտրված վերքը նույնպես մշակվել է: Այժմ հիվանդը գտնվում է վիրաբուժական բաժանմունքում: Բժիշկները նրա վիճակը գնահատում են բավարար»,- ասացին մամուլի ծառայությունից:

Մեր տեղեկություններով, երեկ պատանդառուն խմիչքի ազդեցության տակ է եղել, մանկապարտեզ մտնելուն պես նա դանակով հարձակվել է նախկին կնոջ տատի՝ մանակապարտեզի վարիչ Ռոզա Վարդանյանի վրա, իսկ երբ նախկին կինն է հասել, նրան նույնպես վնասվածքներ է պատճառել. կնոջը հաջողվել է դիմել փախուստի, ինչից հետո Արգամ Հովիկյանը կողքի սենյակում գտնվող 3-ամյա Հմայակին պատանդ է վերցրել: Ի սկզբանե պատանդ է վերցվել մեկ երեխա»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս