«Սրանք այն կոնֆորմիստներն են, որոնք բոլոր իշխանությունների ժամանակ բոլոր նախագահների կամ կառավարությունների մի տաք տեղում են»
«Եթե մեր ազգային հերոսին՝ «Միայնակ Գայլին», կարմիր բերետները դաժանորեն ծեծի են ենթարկում բանտում, ինչի՞ մասին կարող է խոսք գնալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը:
Նա այս ամեն ինչում մեղադրում է ոչ թե՝ ժողովրդին, այլ՝ «ժպտացող դիկտատուրային». «Նույն բանը կատարվում է Ադրբեջանում, 4 միլիոն էլ այնտեղից են փախչում: Բայց մենք խոսում ենք այս տարածքի մասին»:
Ռ. Հախվերդյանի խոսքով՝ Հայաստանի նկարիչների միության նախագահը նկարել չգիտի, Գրողների միության նախագահը գրել չգիտի, Կոմպոզիտորների միության նախագահն էլ երաժշտությունից լրիվ հեռու մարդ է. «Նրանք կոմսոմոլների ժամանակ էլ կոմսոմոլի քարտուղար էին: Սրանք այն կոնֆորմիստներն են, որոնք բոլոր իշխանությունների ժամանակ բոլոր նախագահների կամ կառավարությունների մի տաք տեղում են»:
Երգահանը գտնում է՝ երբեք Հայաստանն այսքան կախյալ վիճակում չի եղել, բայց անունը դրել են անկախություն. «Էս հիմնը Գլազունովի երաժշտությունն է, որի թոռներն ու ծոռները կարող են դատի տալ, ասել՝ էս երաժշտությունը մեր պապիկի երաժշտությունն է: Բառերը Միքայել Նալբանդյանի անհաջող ստեղծագործություններից մեկն է, շեշտադրությունը՝ սխալ, որն արդեն այլանդակություն է, ոնց որ ծիծաղեն հայ բառի վրա: Նախ, հիմնը պետք է փոխվի, եթե պետություն կա, ու մտածող մարդիկ կան, ես դրոշն էլ առանձնապես չեմ հավանում, որովհետև մեր տեսլականը Մասիսն է, էս փոքր հայրենիքն է, ավելի խորն ու հեռուն մենք պետք է տեսնենք: Եթե մի ազգ չունի երազանք… Այդ երազանքն էլ սեփականաշնորհել է Դաշնակցությունը, որը գրեթե ոչ մի բանով չի տարբերվում ՀՀԿ-ից կամ մնացած կուսակցություններից»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: