Ռախոյը պահանջել է վերականգնել օրինականությունը Կատալոնիայում և անցկացնել ընտրություններ
Իսպանիայի կառավարությունը առաջնահերթ խնդիրներ է համարում օրենքի վերականգնումը Կատալոնիայում եւ այնտեղ ընտրությունների անցկացումը: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Մարիանո Ռախոյը՝ ելույթ ունենալով Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսում:
«Նախ՝ հարկավոր է վերականգնել օրինականությունը, ուստի մենք գործի են դրել Սահմանադրության 155-րդ հոդվածը, այնուհետեւ վեց ամսվա ընթացքում անցկացնել ընտրություններ՝ բոլոր երաշխիքներով՝ խուսափելով ափսոսանք հարուցող այնպիսի իրադրությունից, որին մենք ականատես եղանք հանրաքվեի ժամանակ»,-հայտարարել է Ռախոյը:
Նա կոչ է արել «վերականգնել նորմալ գոյակցությունը Կատալոնիայում, որը խախտված է», ինչպես նաեւ թույլ չտալ տնտեսական դրության վատացում:
Իսպանիայի նախարարների կաբինետի ղեկավարը նշել է, որ «իրադրությունը խիստ բարդացել է, քանի որ Կատալոնիայի կառավարության նախագահը եւ Ժեներալիտետն իրենց դուրս են դրել օրենքից»: «Այն ծանր է, քանի որ պառակտում է տեղի ունեցել հասարակության մեջ: Անհանգստություն է առաջացնում իրադրության ազդեցությունը տնտեսության վրա»,-ասել է Ռախոյը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: