Սպիտակ տունը Մոսկվային մեղադրել է Սիրիայում քիմիական գրոհները դադարեցնել չցանկանալու մեջ
Ռուսաստանի կողմից Սիրիայում քիմիական գրոհների հետաքննության ՄԱԿ-ի եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) առաքելության երկարաձգման բանաձեւի արգելափակումը խոսում է այն մասին, որ Ռուսաստանի իշխանությունները հոգ են տանում ոչ թե քիմիական գրոհներին վերջ դնելու, այլ «իրենց դաշնակցի» պահպանման մասին: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին, այդ մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը:
Ռուսաստանը հոկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Սիրիայում քիմիական գրոհների հետաքննության խնդրով զբաղվող ՄԱԿ-ի եւ ՔԶԱԿ-ի առաքելության մանդատի երկարաձգման բանաձեւը: ԱՄՆ-ի կողմից պատրաստված փաստաթղթի քվեարկության ժամանակ այն պաշտապանել է 11 երկիր: Չինաստանը եւ Ղազախստանը ձեռնպահ են մնացել: Դեմ են քվեարկել Ռուսաստանը եւ Բոլիվիան:
Հետաքննության համատեղ մեխանիզմի փորձագետների աշխատանքի մանդատը լրանում Է նոյեմբերի 17-ին: Մինչեւ հոկտեմբերի 26-ը առաքելությունը պետք է ՄԱԿ-ի ԱԽ-ին զեկույց ներկայացնի ապրիլի 4-ին Խան Շեյխունում քիմիական նյութերի կիրառմամբ միջադեպի հետաքննության վերաբերյալ:
Ռուսաաստանի ԱԳ նախարարությունում հայտարարել են, որ Մոսկվան ՄԱԿ-ՔԶԱԿ առաքելության մանդատի վերաբերյալ հետագա քայլերի սխեմա կառաջարկի Հետաքննության համատեղ մեխանիզմի զեկույցի հրապարակումից եւ դրա մանրակրկիտ ուսումնասիրումից հետո:
Լուսանկարը` AP