Շիրակի մարզի Արփի համայնքից այս տարի հինգ ընտանիք է հեռացել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս տարի Շիրակի մարզի Արփի համայնքի կազմի մեջ մտնող Շաղիկ բնակավայրից 11 բնակիչ է հեռացել: 3 ընտանիքներն էլ Ռուսաստանի Դաշնություն են մեկնել: Համայնքի վարչական ղեկավար Արտակ Բադեյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ վերջին 2 տարիների համեմատ 2017 թվականին ավելի շատ են արտագաղթել:

«33 տնտեսությունից մնացել է միայն 27–ը»,- փաստեց Բադեյանը:

Այստեղ գյուղատնտեսության ճյուղերից միայն անասնապահությունն է զարգացած: Այն, սակայն, անասնապահներին եկամուտ չի բերում:

«Շրջանի ամենավերջին գյուղն է, առեւտրականները գալիս են էժան միսը տանում: Մարդկանց էժան գնով ձեռ չի տալիս միս ու կաթ վաճառելը, ստիպված սաղ գնում են: Մտածում են, եթե պետք է Ռուսաստան գնան փող աշխատեն՝ ուղարկեն ստեղ, միանգամից ընտանիքներին էլ հետն են տանում»,– ներկայացրեց Շաղիկի վարչական ղեկավարը:

Իսկ ի՞նչ է անում համայնքապետարանը գյուղացուն սեփական հողում պահելու համար:

«Ոչինչ»,- պարզ ու հստակ պատասխանեց Արտակ Բադեյանը:

Նրա խոսքով՝ համայնքը փոքր է, պայմանները միայն անասնապահության համար են նպաստավոր: Շաղիկում միայն երկու խոշոր ֆերմեր կա, մնացած տնտեսությունների ունեցած խոշոր եղջերավորների գլխաքանակը 5–ից չի գերազանցում: Բադեյանի տվյալներով՝ 2016–2017 թվականների ընթացքում 100 գլուխ անասուն է պակասել: 750–ի փոխարեն հիմա 600 գլուխ կա:

«Փոքր, կտրված գյուղ է, ով կարող է ստեղ բիզնես դնել»,- նշեց Բադեյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս