ՄԱԿ-ի ԱԽ-ն երկխոսության է կոչել Իրաքի իշխանություններին ու քրդերին Քիրկուկի դեպքերից հետո
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անհանգստություն է հայտնել Քիրկուկ քաղաքի շրջանում ստեղծված իրադրության կապակցությամբ, որտեղ սրվել են հակասությունները Բաղդադի կենտրոնական կառավարության եւ Քրդական ինքնավար շրջանի իշխանությունների միջեւ:
Հոկտեմբերի 18-ին մամուլի համար հրապարակված հայտարարության մեջ ԱԽ-ի անդամները կոչ են արել կողմերին՝ ձեռնպահ մնալ բռնի գործողություններից եւ տարաձայնությունները կարգավորել սահմանադրական ճանապարհով։
«Խորհրդի անդամները կոչ են արել կողմերին՝ ձեռնպահ մնալ ապակայունացնող գործողություններից, ներառյալ ուժի կիրառումը եւ դրա կիրառման սպառնալիքը, եւ կառուցողական երկխոսություն սկսել Իրաքի Սահմանադրության հիման վրա»,- ասված է հաղորդագրության մեջ: ՄԱԿ-ի ԱԽ-ն կարեւորել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ջանքերի շարունակումը եւ աջակցություն է հայտնել իրաքյան կողմերի միջեւ երկխոսության հաստատմանն ուղված ՄԱԿ-ի ջանքերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: