Բակո Սահակյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել
Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված Արցախի Հանրապետության Նախագահի 2017-2020 թվականների ծրագրի հիմնական դրույթներին:
Իր ելույթում Բակո Սահակյանը ներկայացրել է իրականացվելիք աշխատանքների կարեւորագույն ուղղություններն ու առաջադրանքները:
Երկրի ղեկավարն անդրադարձել է պետականաշինության, բանակաշինության, անվտանգության եւ հասարակական կարգի պահպանման, արտաքին քաղաքականության, տնտեսության, սոցիալական, մշակույթի, սպորտի, առողջապահության, ժողովրդագրության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում մոտակա երեք տարիների ընթացքում իրականացվելիք աշխատանքներին ու ծրագրերին:
Նախագահն ընդգծել է, որ ծրագրային դրույթներն արդյունավետորեն կյանքի կոչելու համար անհրաժեշտ է իշխանության բոլոր թեւերի ու կառույցների, պետության ու հասարակական հատվածի համատեղ, կազմակերպված ու համակարգված աշխատանք, որը պահանջում է պարտականությունների կատարման հանդեպ պատասխանատվության բարձր աստիճան:
Նախագահ Սահակյանը համոզմունք է հայտնել, որ մեր ժողովրդի բարեկեցության հետեւողական բարձրացմանը, երկրի անվտանգության ու պաշտպանունակության համակարգի ամրապնդմանն ու ուժեղացմանն ուղղված խնդիրները հաջողությամբ կլուծվեն:
Խորհրդակցության մասնակիցներին Նախագահը ներկայացրել է իր հրամանով նշանակված Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին՝ մաղթելով հաջողություններ ծառայության մեջ: