Բաժիններ՝

«Քաղաքապետը եկավ, իր շքախմբով նայեցին, ոչ մի օգուտ». Անտառավան 26 շենքի բնակչուհի

Գյումրու Անտառավան 3-րդ թաղամասի 26 շենքը գտնվում է խայտառակ վիճակում: Վթարային այս շենքին տարիներ շարունակ համապետական, մարզային և քաղաքային իշխանություններն ուշադրություն չեն դարձնում: Շենքի պատերը, հիմքը խարխլված են: Շենքի ներսում, որոշ տեղերում պատերը ճաքած են, դրանք այնքան են քայքայված, որ արմատուրաներն են երևում, բետոնը շատ տեղերում մաշված է: Շենքի որոշ հատվածների քարերը պոկված են, պատուհանները՝ ջարդված, 5-րդ հարկի պատուհաններից մեկը կիսով չափ պոկված է, կոյուղին և ջրատար համակարգը չեն գործում:

Շենքը նման պայմաններում պետք է քանդման ենթակա լիներ, բացառված չեն նաև հետագա փլուզումները, մինչդեռ այստեղ դեռ շարունակում են բնակվել որոշ ընտանիքներ:

«Փաստաթղթերում 1993 թվականին երրորդ աստիճանի վթարային էր: 1993-ից մինչև 2017 թիվը քանի՞ տարի է անցել: Այժմ արդեն շենքը չորրորդ աստիճանի վթարային է: Անուշադրության ենք մատնված, անտեսված ենք մեր կառավարության կողմից: Բազմիցս դիմել ենք քաղաքապետին, պատճառաբանում են, թե գումար չկա: Գումարներն էլ որ գուկան, փողոցների հարցը կկարգավորեն, «Գյումրին առանց տնակներ»-ի ծրագիրը կիրականացնեն: Հա, թող բոլորն էլ տուն ստանան, բոլորն էլ ապահովվեն, բայց մենք չգիտենք՝ ինչ է լինելու մեր ճակատագիրը: 13 ընտանիք է բնակվում, ահագին անչափահաս էրեխեք կան, տարեց կանայք: Չի կարելի, գոնե մի քիչ էլ նայեն մեր շենքի բնակիչներին: Թող տնակ տան, դուրս գուկանք, գումար տան, վարձով բնակիչներն ապրեն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց շենքի բնակիչ Ռոզա Մեխակյանը:

Տիկին Ռոզայի խոսքով, շենքի հարցով մի անգամ դիմել են Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, սակայն վերջինիս թիկնապահները խոչընդոտել են և թույլ չեն տվել քաղաքապետին հարց ուղղել:

Կարդացեք նաև

«Քաղաքապետը եկավ իր շքախմբով, ելան, նայեցին, որ իրոք 13 բնակիչ է բնակվում: Լուծում չտվեցին հարցին: Ասացի՝ գնանք, մեր տան պայմանները տեսնինք, մեր քաղաքապետը, թե՝ «գիտես՝ իմ պայմաններս լա՞վն են»: Ինքը երբեք չի կարող համեմատվել մեր պայմանների հետ, թեկուզ Գյումրու ծայրաստիճան աղքատ բնակչության հետ: Գոնե նմանատիպ բառերով չխոսա, անհարմար է, ինքն ինչեր ունի, մենք ինչ ունինք: Բոլոր մարզպետներին դիմել ենք, միայն էս մարզպետի մոտ դեռ չենք գնացել»:

Շենքի բնակչի պնդմամբ, իրենք ջուր չունեն, այն դույլերի մեջ լցնում են շենքի մոտ գտնվող աղբյուրից. «Շենքի տակը ջուր էր, եկան տրուբեքը կտրին, գնացին: Դիմեցինք Ջրմուղ, հարցը չկարգավորվեց: Տրուբա էլ չբերեցին, որ շենքի դիմացը ջուր քաշեին: Կոյուղին էլ տրաքել էր, բնակիչներն իրենց ուժերով վերանորոգել են, թեթև մառոզ եղավ, արդեն կսառի»:

Ռոզա տատը նշեց, որ ինքն այլևս չի բողոքում, քանի որ հույս չունի, թե իրենց խնդրին երբևէ լուծում կտան:

Նշենք, որ դեռևս 2014 թվականին Անտառավան 3-րդ թաղամասի թիվ 26 շենքի բնակիչները դիմել էին Սամվել Բալասանյանին՝ պահանջելով ամրացնել շենքը, սակայն մինչ օրս շենքի ամրացման հարցը լուծված չէ, արդեն դրա իմաստն էլ չկա:

Խնդրին տեղյակ է նաև ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, սակայն բնակիչների բողոքին չի արձագանքում:

4-րդ կարգի վթարայնության շենքերի դեպքում «Վթարային շենքերի մասին» ՀՀ օրենքով դրանք քանդման ենթակա են, և անթույլատրելի է, որ բնակիչները դրանցում բնակվեն:

Վերջերս ՀՀ ԱԺ-ում ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանն ու Գյումրուց ընտրված պատգամավոր Վարդևան Գրիգորյանը ևս անդրադարձան Գյումրու բնակարանային խնդիրներին:

«Գյումրիում բնակարանային խնդիրների հետ կապված լուրջ խնդիրներ կան: Ոչ միայն 3-րդ աստիճանի վթարային շենքեր կան, այլև 4-րդ աստիճանի: Գյումրի քաղաքում ունենք 456 բնակարան՝ «Լինսի» հիմնադրամով կառուցված և այլ բարձրակարգ չափանիշերով կառուցված բնակարաներ, որոնք առ այսօր սեփականատեր չունեն: Մյուս տարի մենք այդ բնակարանները տեղափոխելու ենք համայնքային սեփականության, քանի որ 10 տարուց ավելի չենք կարողանում այդ բնակարանային սեփականատերերին ստիպել իրենց սեփականության իրավունքը գրանցել, ենթադրում ենք, որ չկան այդ մարդիկ»,- հայտարարել է Դ.Լոքյանը:

Վ.Գրիգորյանն էլ շեշտել է, որ Շիրակի մարզում հաշվառված են 118 3-րդ աստիճանի վթարային շենքեր, որոնցից 88-ը գտնվում են Գյումրիում, որտեղ բնակվում են 1920 ընտանիքներ: Մարդիկ սովորել են ապրել փլուզումների մեջ:

Գյումրիում որոշ բազմաբնակարանային շենքերի կտուրներ ևս հիմնանորոգման կարիք ունեն:

Գյումրու 2017-2021 թվականների զարգացման ծրագրով շենքերի անվտանգության աստիճանի բարձրացման, շահագործման ժամկետի երկարացման համար անհրաժեշտ է համայնքային բյուջեից 100.000 դրամ հատկացնել: Այդ նպատակով 50000 դրամ էլ համատիրություններն են հատկացնելու:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս