Ինչ սպասել Իրան-Թուրքիա մերձեցումից. պարզաբանում է Աննա Գևորգյանը

Ի՞նչ նկատի ուներ Ռուհանին

Իրանը և Թուրքիան տարածաշրջանում կայունության սյուներն են: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ ողջունելով Թեհրանի և Անկարայի միջև պաշտպանական համագործակցության ակտիվացումը։ 168.am-ը ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի վերլուծաբան, ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, իրանագետ Աննա Գևորգյանից հետաքրքրվեց, թե Ռուհանիի այս հայտարարությունն ի՞նչ էր նշանակում։

«Իրանաթուրքական հարաբերությունները շատ բազմաշերտ լինելով՝ ամեն անգամ նման երանգներ են ստանում, երբ ունենում են ընդհանուր սպառնալիք։ Այս փուլում այդ սպառնալիքը Քրդստանի անկախության հանրաքվեն էր, որին հետևեց նաև հռչակագիրը։ Երկու երկրներն այդ սպառնալիքը համարում են միևնույն ճակատում գործելու ահազանգ, որովհետև հակառակ դեպքում շատ ավելի դժվար կլինի պայքարել այն վտանգների դեմ, որ կարող է ծնել այդ նախադեպը տարածաշրջանում»,- մեզ հետ զրույցում ասաց իրանագետը։

Աննա Գևորգյանի դիտարկմամբ՝ Իրանի համար Քրդստանի անկախությունն ինքնին այնքան մեծ սպառնալիք չէ, որքան այն հանգամանքը, որ Քրդստանը սերտ հարաբերություններ ունի Իսրայելի հետ. «Այս իմաստով՝ Իրանի համար այս փուլում շատ կարևոր է բոլոր տնտեսական, գաղափարական և մյուս տարաձայնությունները մի կողմ դնել և այս հարցի շուրջ լինել միասնական Թուրքիայի հետ։ Իսկ Թուրքիայի համար կենսական նշանակություն ունի Քրդստանի անկախացման փաստը նախադեպային չդարձնելը, այդ գործընթացին խանգարելը, որպեսզի Թուրքիայի քրդերը չկարողանան հույսեր փայփայել, որ կունենան նման հանրաքվե Թուրքիայում։ Այս իմաստով ցանկացած խնդրի, տարածաշրջանային այս կամ այն տաք ու սառը օջախների՝ պայթյունավտանգ փուլում հայտնվելու ժամանակ, Թուրքիան և Իրանը վերանայում են իրենց մոտեցումները միմյանց հանդեպ, և այն ժամանակ, երբ սպառնալիքն ընդհանուր է, իրենց միջև եղած տարաձայնությունները դնում են մի կողմ, փորձում միասնական ճակատով հանդես գալ»։

Խամենեին հասկացրեց Թուրքիային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Թեհրանում կայանալիք թուրք-իրանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Ինչպես և նախապես հայտարարվել էր, Էրդողանը հանդիպումներ ունեցավ նախագահ Հասան Ռուհանիի և Իրանի կրոնական առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի հետ:

Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարեց, որ Իրանը և Թուրքիան պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի թույլ չտան Իրաքի քրդական ինքնավարության անջատումն այնտեղ կայացած հանրաքվեից հետո:

Աննա Գևորգյանը հետաքրքիր է համարում հատկապես Խամենեիի այն հայտարարությունը, որ Քրդստանը երկրորդ Իսրայելն է լինելու տարածաշրջանում, եթե այդ անկախացման պայքարն իր տրամաբանական ավարտն ունենա, և, որ դա միանշանակորեն Ամերիկայի պրոյեկտն է։ «Արտատարածաշրջանային ուժերի դեմ պայքարում Իրանը երկակի նպատակ է հետապնդում.  մի կողմից՝ իսկապես այս պահին իրեն պետք է լինել տարածաշրջանային մյուս ուժերի հետ միասնական պայքարում՝ ընդդեմ Քրդստանի անկախացման, և մյուս կողմից՝ Թուրքիայի նախագահի ներկայությամբ խոսել հակաամերիկյան, հակաիսրայելական այս գաղափարների մասին, նպատակ ունի նաև նրան հասկացնել, որ չի կարելի նման քաղաքականություն վարել»։

Հայաստանի վրա չի ազդի

Իրանագետից հետաքրքրվեցինք, թե Հայաստանի համար Իրան-Թուրքիա մերձեցումն ինչ հետևանքներ կարող է ունենալ։

«Ինչպես արդեն  նշեցի՝ Իրան-Թուրքիա հարաբերությունները շատ բազմաշերտ են, և, եթե մի հարցում կա համաձայնություն, դա չի նշանակում, որ բոլոր մյուս հարցերն արդեն հարթվել են։ Այն, ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին և մեզ հետաքրքրող հատվածին, այստեղ իր շահերն ունի նաև Իրանը՝ կապված պանթյուրքիստական գաղափարախոսությունը կանխելու հետ։ Այս իմաստով՝ դժվար թե որևէ տարածաշրջանային, թեկուզ՝ Քրդստանի անկախության նման կարևոր հարց, կարողանա ստվերել այն վտանգը, որ բերում է պանթյուրքիզմն Իրանի համար։

Հետևաբար՝ չեմ կարծում, թե մեկը մյուսին կարող է ստվերել, և Իրանը աչք փակի բոլոր մնացած խնդիրների վրա»,- ի պատասխան՝ ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ չի կարծում, թե սա որևէ ազդեցություն կունենա Հայաստանի հետ հարաբերությունների վրա՝ Իրանի դիրքորոշման, և ընդհանրապես հայ-իրանական և Իրանի տարածաշրջանային մյուս քաղաքականությունների վրա։

Իրան-ԵՏՄ.  քաղաքական խաղե՞ր, թե՞ իրականություն

Մոսկվայում ԵՏՄ վերջին նիստի ժամանակ Դմիտրի Մեդվեդևը խոսելով ԵՏՄ-Իրան հարաբերությունների մասին՝ ասել է. «Իրանը մեզնից կստանա ամեն ինչ, սակայն չի տա ոչինչ»: Սա ի՞նչ էր նշանակում, Ռուսաստանն այս պահին շահագրգռվա՞ծ է, որ Իրանը մտնի ԵՏՄ, և արդյո՞ք Իրանին պետք է անդամակցությունը ԵՏՄ-ին։ Այս հարցադրմանն ի պատասխան՝ Աննա Գևորգյանը հետևյալն ասաց.

«ԵՏՄ-ն իր գոյության այս կարճ ժամանակահատվածում ցույց տվեց, որ ինքը թեև տնտեսական պրոյեկտ է, բայց ավելի շատ քաղաքական նպատակներ է հետապնդում։ Այս իմաստով՝ այս տեսակ հայտարարությունները, կարծում եմ՝ ավելի շուտ քաղաքական հարթակում է պետք քննել։ Այն, որ Իրանը կարող է շատ բան տալ ԵՏՄ-ին, միանշանակ է՝ հաշվի առնելով շուկայի մեծությունը, բազմաթիվ մաքսային հարցեր, որ կարող են ավելի դյուրացվել։ Բայց չեմ կարծում, որ տվյալ փուլում Իրանը որևէ  տնտեսական կամ քաղաքական միավորման անդամ դառնալու ցանկություն կհայտնի։ Հաշվի առնելով և՛ Իրան-ԵՄ հարաբերությունների նոր փուլը, և՛, թերևս, անորոշ ապագան, չեմ կարծում, թե Իրանը որոշում կկայացնի՝ դառնալ ԵՏՄ անդամ և ավելի բարդացնել իր հարաբերությունների հետագա ընթացքը ԵՄ-ի հետ»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Ա. Գևորգյանը կարծում է, որ սրանք ավելի շատ քաղաքական ուղերձներ են, նաև՝ տարածաշրջանի մյուս երկրների համար շահագրգռող հայտարարություններ, թե տեսեք՝ մեր գործընկեր այդպիսի մեծ շուկա ունեցող Իրանն է հետաքրքրված ԵՏՄ-ով, դուք նույնպես մտածելու տեղ ունեք, և այլն. «Կարծում եմ՝ այդ տեսակ քաղաքական խաղեր են»։

Ի՞նչ տեղ ունի Հայաստանն Իրան-ԵՄ համագործակցության ծիրում

2017թ. սեպտեմբերին Հայաստանում անցկացվեց «Եվրոպա-Հայաստան-Իրան» բիզնես ֆորումը, որի ժամանակ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները կարևորում էին Իրանի հետ համագործակցությունը հենց Հայաստանի միջոցով։ Արդյո՞ք Հայաստանը կարող է դառնալ կապող օղակ Իրանի և ԵՄ-ի միջև, դրա համար ի՞նչ քայլեր պետք է արվեն։ Մենք տեսնում ենք, որ կենսական նշանակություն ունեցող «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը դանդաղում է։

Ըստ իրանագետի՝ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության հարցն ամենակարևորն է, որովհետև, նրա խոսքով՝ երբ ԵՄ-Իրան հարաբերությունները կարգավորվում են, քաղաքական իմաստով միջնորդի դերում հանդես գալու խնդիր այլևս չի լինում, և միակ բանը, որ կարող է Հայաստանն առաջարկել այդ հարաբերություններն ավելի հեշտացնելու համար, ենթակառուցվածքների ավելի մատչելի լինելն է։

«Այս իմաստով՝ մինչև մենք մեր ներքին տնտեսական խնդիրները չկարգավորենք, նույն «Հյուսիս-Հարավի» հարցը վերջնական լուծում չստանա, մինչև և՛ մեր ԵՄ գործընկերներին, և՛ իրանցի գործընկերներին չապացուցենք, որ մենք վստահելի գործընկեր ենք՝ և՛ տնտեսական, և՛ քաղաքական առումներով, և շրջադարձային փոփոխություններ, տնտեսական պրոյեկտների ձգձգված իրականացում և այլ խնդիրներ մեր պարագայում այլևս իրականության մեջ չեն լինի, այդ ժամանակ, կարծում եմ՝ այդ համագործակցությունն ապագա չի կարող ունենալ, և դրանք կմնան լոկ ցանկությունների մակարդակում։

ԵՄ-ն իր հարաբերություններն Իրանի հետ կարգավորելիս՝ դա կանի անմիջական, կնախընտրի մեր հարևանությամբ անցնող օդային և ցամաքային ճանապարհները։ Այս իմաստով ձեր նշած «Հյուսիս-Հարավ» պրոյեկտը շատ կարևոր է։ Եթե կարողանանք երկթագծի կառուցման հարցը հանգուցալուծման բերել ու Չինաստանից ակնկալվող ներդրումները ստանալ, դա շատ լուրջ խթան կլինի այդ համագործակցությունը զարգացնելու համար»,- եզրափակեց իրանագետը։

 

Տեսանյութեր

Լրահոս