«Մենք ցանկանում ենք խրախուսել եվրոպական բիզնեսներին, որպեսզի նրանք ավելի շատ ներդրումներ կատարեն Հայաստանում». Պյոտր Սվիտալսկի

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, տեղի ունեցավ «Եվրոպան Հայաստանում» խորագրով ԵՄ բազմաոլորտային առևտրային և ներդրումային ցուցահանդեսի բացման արարողությունը։  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր ելույթում նշեց, որ առաջին անգամ անցկացվող միջոցառումը նվիրված է նրան, որ թե՛ Եվրոպան, թե՛ Հայաստանը շահեն դրանից.

«Մեր ցանկությունն է՝ բաց անել Հայաստանի դռները Եվրոպայի համար, որպեսզի նրանք չդիտարկեն Հայաստանը՝ որպես էկզոտիկ երկիր, այլ համարեն՝ որպես մոտիկ և բարեկամ երկիր։ ԵՄ-ն հանդիսանում է Հայաստանի ամենամեծ արտահանման երկիրը։

Մեզ ոգևորում է այն, որ Հայաստանի արտահանումը ԵՄ երկրներ և դրա դինամիկան շատ դրական է։ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի օր առաջ խորհրդարանում ասաց, որ 2017թ. Հայաստանի արտահանումը ԵՄ երկրներ ավելի մեծ է, քան ԵՏՄ երկրներ։

Դա շատ կարևոր է, քանի որ ԵՄ շուկա մուտք գործելն ավելի բարդ է, քան ԵՏՄ շուկա։ Հետևաբար՝ ես շնորհավորում եմ հայկական բիզնեսին, որ կարողանում է մուտք գործել եվրոպական շուկա և շահույթ ստանալ դրանից։ Մենք փորձում ենք օժանդակել դրան»։

Դեսպանի խոսքով՝ Հայաստանն այն երկրներից մեկն է, որ հաջողությամբ օգտվում է GSP+ համակարգից. «Ավելի քան 6 հազար հայկական ապրանքներ արտահանվում են ԵՄ շուկա՝ առանց որևէ սակագնի։ Մենք մտահոգված ենք ԵՄ շուկաների ներմուծման առումով, որովհետև ԵՄ ապրանքների ներմուծումը նվազում է, բայց հուսով ենք, որ շուտով այն կվերականգնվի։ Հայաստանի նման երկրի համար եվրոպական տեխնոլոգիաների և ժամանակակից ապրանքների ներմուծումը շատ կարևոր է։ ԵՄ-ն ամենամեծ ներդրողն է Հայաստանում։

Օտարերկրյա ներդրողների շարքում մենք առաջինն ենք։ Բայց համոզված ենք, որ դեռ մեծ ներուժ ունենք։ Մենք ցանկանում ենք խրախուսել եվրոպական բիզնեսներին, որպեսզի նրանք ավելի շատ ներդրումներ կատարեն և ավելի մեծացնեն իրենց ներկայությունը Հայաստանում»։

Անդրադառնալով շրջանակային համաձայնագրի ստորագրմանը՝ դեսպանը հույս հայտնեց, որ դրա ստորագրումից հետո նոր հնարավորություններ կստեղծվեն Հայաստանի համար. «Նոր համաձայնագիրն արտոնյալ առևտրի պայմաններ չի առաջարկում, այն ուղղակի ենթարկվում է Առևտրի համաշխարհային կազմակերպության առևտրի կանոններին։ Այն պարունակում է այնպիսի կարևոր նախապայմաններ, որոնք առևտրի մթնոլորտն ավելի կբարելավեն»։

ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանն իր խոսքում նշեց, որ այսօրվա կարևոր միջոցառումներից մեկը «Եվրոպա-Հայաստան-Իրան» բիզնես ֆորումն է. «Մեզ համար կարևոր է Եվրոպան՝ որպես արտահանման շուկա, և դրա համար քայլեր ենք անում, որպեսզի հայակական ընկերություններն ավելի հեշտ մուտք գործեն դեպի եվրոպական շուկա։

Մենք տեսնում ենք զարգացում, դրական դինամիկա, բայց կցանկանայինք, որպեսզի հնարավորինս դիվերսիֆիկացնենք մեր արտահանումները դեպի Եվրոպա։ Իսկ «Եվրոպա-Հայաստան-Իրան» միջոցառումը կարևոր է՝ Հայաստանը որպես հարթակ ներկայացնելու առումով։ Հայաստանը շարունակում է զարգացնել և ընդլայնել իր համագործակցությունը մեր հարևան և բարեկամ Իրանի հետ, և մենք շատ ուրախ կլինենք, եթե կարողանանք որոշակի առումով աջակցել ԵՄ-Հայաստան-Իրան համագործակցության զարգացմանը»։

Տեսանյութեր

Լրահոս