Բաժիններ՝

Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին

Սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին:

Ինչպես տեղեկացնում են Արցախի ԱԺ–ից, ողջունելով եվրոպացի խորհրդարանականին՝ Աշոտ Ղուլյանը հույս է հայտնել, որ հաջորդ հանդիպումները տեղի կունենան Ստեփանակերտում, ինչը ավելի մեծ հնարավորություններ կտա Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին ծանոթանալու հակամարտության գոտում առկա իրավիճակին և Արցախի պաշտոնական ու հանրային տեսակետին:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Քրիստիան Վիգենինը նշել է, որ տեղյակ լինելով տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակին՝ այնուամենայնիվ, ուզում է վերահաստատել իր համոզմունքը, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Հատուկ ներկայացուցիչը ընդգծել է, որ առաջնորդվում է վերջին տարիներին ձևավորված ԵԱՀԿ պաշտոնական մոտեցումներով և ցանկություն ունի խորհրդարանական վեհաժողովի հնարավորությունները ի սպաս դնելու հանուն հակամարտության խաղաղ կարգավորման:

Աշոտ Ղուլյանը եվրոպական կազմակերպության ներկայացուցչի ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ չնայած անկախության 26 տարիների ընթացքում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային անվտանգության ուղղությամբ Արցախի գրանցած հաջողություններին, այն միակ տարածաշրջանն է, որը Ադրբեջանի քմահաճույքների և մերժողական քաղաքականության պատճառով դուրս է մնում եվրոպական ընտանիքի ծրագրային աջակցության շրջանակներից: Այդուհանդերձ, Արցախի Հանրապետությունը շարունակում է սեփական միջոցներով ապահովել եվրոպական արժեհամակարգի զարգացումը և իր ապագան տեսնում է միայն ազատության և անկախության պայմաններում:

Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակություն՝ տարածաշրջանային անվտանգության հեռանկարների, վստահության մթնոլորտի կառուցման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի և դրանցում խորհրդարանական դիվանագիտության դերի շուրջ:

Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս