«Աշխարհն ավելի ու ավելի վտանգավոր է դառնում». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն այն կարծիքին է, որ աշխարհում ուժեղանում է անկայունությունը եւ խորանում են հակամարտությունները, սակայն այդ գործընթացը կարելի է հետ շրջել: Այդ մասին համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավարը հայտարարել է՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ընդհանուր քաղաքական բանավեճի բացմանը:
«Մենք՝ ժողովուրդները, եւ մեր Միավորված ազգերի կազմակերպությունը բախվում ենք լուր մարտահրավերների»,-նշել է նա: «Մարդիկ տառապում են եւ զայրույթով լցվում,-հավելել է Գուտերիշը:-Նրանք տեսնում են, որ անվտանգության ոլորտի իրադրությունը վատանում է, աճում է անհավասարությունը, սաստկանում են հակամարտությունները եւ փոխվում է կլիման»:
«Համաշխարհային տնտեսությունն ավելի ու ավելի ինտեգրված է դառնում, սակայն, հնարավոր է, կորսվում է համաշխարհային հանրակցության զգացողությունը,-ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:-Մարդկանց շրջանում իշխում է տարանջատվածությունը: Քաղաքական վեճերը բորբոքվում են»:
Գուտերիշը նշել է, որ ներկայում «աշխարհը լի է հակասություններով»: «Կարծում եմ, որ միասին մենք կկարողանանք հասնել խաղաղության,-հայտարարել է նա:- Մենք կարող ենք վերականգնել վստահությունը եւ աշխարհն ավելի լավը դարձնել բոլորի համար»:
Նրա կարծիքով՝ զինված հակամարտություններն ու ճգնաժամերը, այդ թվում՝ Սիրիայում, Եմենում, Աֆղանստանում եւ Հարավային Սուդանում, անկարելի էր լուծել այլ կերպ, քան քաղաքական ճանապարհով:
«Ոչ ոք չի շահում այսօրվա պատերազմներից: Սիրիայից մինչեւ Եմեն, Հարավային Սուդանից մինչեւ Սախել, Աֆղանստանում եւ այլ վայրերում խաղաղության հասնել կարող են թույլ տալ միայն քաղաքական որոշումները»,-նշել է նա:
«Մենք չպետք է մեզ մխիթարենք պատրանքներով: Մենք չենք կարողանա արմատախիլ անել ահաբեկչությունը, եթե չլուծենք քաոս ստեղծող հակամարտությունները, որի պայմաններում փթթում են ռազմաշունչ ծայրահեղականները»,-հավելել է Գուտերիշը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: