ԱՄՆ-ի Սենատն արգելեց «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքն օգտագործել պետական հիմնարկներում
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը սեպտեմբերի 18-ին հավանություն է տվել այն նորմային, որը Միացյալ Նահանգների ֆեդերալ գերատեսչություններին արգելում է օգտագործել Ռուսաստանի «Կասպերսկու լաբորատորիայի» ծրագրային ապահովումը: Սույն ուղղումը մտցվել է Պենտագոնի 2018 ֆինանսական տարվա բյուջեի օրինագիծ:
Այսպիսով, Կոնգրեսի վերին պալատն օրենսդրորեն ամրագրեց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումը՝ հրաժարվելու այդ ընկերության արտադրանքից: Սույն ուղղման հեղինակ է հանդես եկել դեմոկրատ սենատոր Ջին Շահինը, նրա խոսքով՝ դա թույլ կտա վերացնել «իրական խոցելիությունն» ԱՄՆ-ի ազգային անվտանգության բնագավառում: Սահմանափակումները կվերաբերեն ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական գերատեսչություններին:
Այժմ նույն այս միջոցը պետք է համաձայնեցնեն Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետ, ինչից հետո այն կուղարկվի ԱՄՆ-ի նախագահի ստորագրմանը, որպեսզի օրենքի ուժ ստանա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: