Կատալոնիայում «հանրաքվեի» մասին 100 հազար բրոշյուր են առգրավել
Իսպանիայի Քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները բռնագրավել են 100 հազար բրոշյուր՝ կապված այսպես կոչված «անկախության հանրաքվեի» անցկացման հետ, որն Իսպանիայի այս ինքնավար մարզի իշխանությունները պատրաստվում են անցկացնել հոկտեմբերի 1-ին: Բրոշյուրները, որոնք գովազդում են հանրանքվեն, հայտնաբերվել են Բարսելոնի Enquadernacions Rovira de Sabadell տպարանի շենքում։
Ինչպես հայտնել է Europa Press գործակալությունը՝ վկայակոչելով տպարանը, սեպտեմբերի 18-ին առավոտյան 7-ի (Երեւանի ժամանակով 09:00-ի) մոտերքը իրավապահ մարմինների աշխատակիցները մտել են շենք եւ մի երկու ժամ անց այնտեղից դուրս եկել հայտնաբերված քարոզչական նյութերով:
Նախօրյակին Քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները Կատալոնիայում կատարված խուզարկությունների ընթացքում ընդհանուր առմամբ առգրավել են 1,3 միլիոն զանազան նյութեր՝ կապված հանրաքվեի անցկացման հետ:
Կատալոնիայի իշխանությունները պատրաստվում են հոկտեմբերի 1-ին անցկացնել այսպես կոչված «անկախության հանրաքվե», որը չի ճանաչում Իսպանիայի կառավարությունը: Իսպանիայի Սահմանադրական դատարանը կասեցրել է քվեարկության կապակցությամբ բոլոր փաստաթղթերի գործողությունը, որոնք անցյալ շաբաթ ընդունվել էին Ժեներալիտետի եւ Կատալոնիայի խորհրդարանի կողմից: Այսպիսով, Կատալոնիայի իշխանությունների՝ հանրաքվեի նախապատրաստման բոլոր հետագա գործողություններն անօրինական են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: