Հայաստանում պապիլոմավիրուսի դեմ պատվաստվելու են նաև դեռահաս աղջիկները
Այս տարվա աշնանից Հայաստանում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստվելու են նաև 13 տարեկանից սկսած դեռահաս աղջիկները, ինչի նպատակն է արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելումը: Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատվաստումն իրականացվելու է «Գարդասիլ» պատվաստանյութով: Նախարարի խոսքով, Հայաստանում չարորակ ուռուցքները հիմնականում հայտնաբերվում են երրորդ-չորրորդ փուլում, բուժման համար ծախսվում են մեծ գումարներ: Իսկ հիվանդը դրանից հետո ապրում է 2-5 տարի:
«Այս դեպքում մենք կունենանք հիվանդություններից խուսափելու հնարավորություն ավելի լավ էֆեկտով: Դա համաշխարհային առողջապահական կազմակերպության կողմից առաջարկված ոսկե ստանդարտն է»,- ասաց նախարարը: Ալթունյանը վստահեցրեց, որ այս պատվաստանյութը անպտղության որևէ վտանգ չի առաջացնում: Հարցը քննարկվել է արտասահմանյան մասնագետների հետ, հաշվի առել միջազգային փորձը: