Բաժիններ՝

«Մատաղիսի» գործով դեռևս 2005թ. ներկայացված հաղորդման ուղղությամբ ՀՀ ՀՔԾ-ում նոր քննություն է սկսվել

«Մատաղիսի» գործով դեռևս 2005 թ. դեկտեմբերի 12-ին ներկայացված հանցագործության մասին հաղորդման ուղղությամբ ՀՀ Հատուկ քննչական ծառայության Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը բռնության գործադրմամբ)  հարուցվել է քրեական գործ: Դրա շրջանակում Արայիկ Զալյանը տուժող է ճանաչվել:

Չնայած նրան, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2016 թ. մարտի 17-ի վճռով արձանագրել է նաև ՄԻԵԿ 5-րդ հոդվածի, այն է՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում, ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում գործը քննվում է միայն Խոշտանգումների արգելումն ամրագրող ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտման շրջանակում: Մինչդեռ իր որոշմամբ ՄԻԵԴ-ը հստակ արձանագրել է, որ 2004 թ. ապրիլի 21-24-ը և 2004 թ. օգոստոսի 24-ից նոյեմբերի 4-ը Արայիկ Զալյանի ազատազրկումը եղել է անօրինական և դրանով թույլ է տրվել ՄԻԵԿ 5-րդ հոդվածի խախտում:

Հիշեցնենք՝ Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի՝ 2005 թ. դեկտեմբերի 12-ի հանցագործության մասին հաղորդման հիման վրա  ՀՀ Գլխավոր դատախազությունը քրեական գործ չի հարուցել: Դրա դեմ բողոքները մերժել են ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանները:

ՄԻԵԴ վճռի հիման վրա վերանայման վարույթ հարուցելու հարցով Ա. Զալյանի ներկայացրած բողոքը ՀՀ Վճռաբեկ դատարանը 2017 թ. ապրիլի 12-ին  բավարարել է և գործն ուղարկել նոր քննության: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գործը քննվել է այս տարվա հունիսի 9-13-ը, որի արդյունքում դատարանը հանձնարարել է ՀՀ ՀՔԾ-ին 2005 թ. դեկտեմբերի 12-ին ներկայացված հանցագործության մասին հաղորդման ուղղությամբ նոր քննություն սկսել:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարուցված քրեական գործի շրջանակում քննվում է միայն ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտման փաստը, 2017 թ. սեպտեմբերի 4-ին Ա. Զալյանը միջնորդել է ՀՀ ՀՔԾ Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննության առարկա դարձնել նաև ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման փաստը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս