«Հարվի» փոթորկից վնասները կարող են հասնել ԱՄՆ-ի ՀՆԱ-ի 1 տոկոսին. USA Today
«Հարվի» փոթորկից վնասները կարող են աճել մինչեւ ռեկորդային մեծություն՝ հասնելով 160 մլրդ դոլարի նշագծին, ինչը հավասար է ԱՄՆ-ի ՀՆԱ-ի մոտավորապես 1 տոկոսին: Այդ մասին գրել էUSA Today-ը: AccuWeather մասնագիտացված պորտալի տվյալներով՝ փոթորկի հետեւանքները Տեխասի նահանգի տնտեսության համար շատ լուրջ կլինեն, դրանք ազդեցություն կունենան աշխատաշուկայի, բիզնեսի եւ ընկերությունների եկամուտների վրա: Նշվում է, որ վնասի գումարը կարող է գերազանցել 2005 թվականի «Քաթրին» փոթորկի եւ 2012 թվականի «Սենդի» արեւադարձային ցիկլոնի հասցրած միագումար վնասները: RMS գլոբալ ռիսկերի մոդելավորման ֆիրմայի վերլուծաբանները հայտնել են, որ «Հարվի» փոթորկի ընթացքում քամու, տեղատարափ անձրեւների եւ հեղեղումների հետեւանքներից տնտեսական վնասները գնահատվում են 70-90 միլիարդ դոլար:
Ըստ որում ընկերությունը ճշտում է, որ ապահովագրական վնասների ընդհանուր արժեքի վերջնական գնահատականը տակավին հայտնի չէ, քանի որ անձրեւները շարունակվում են:- Reuters գործակալությունը հայտնել է, որ Տեխասի նահանգում մոլեգնած «Հարվի» արեւադարձային փոթորիկն արդեն շուրջ 23 միլիարդ դոլարի վնաս է հասցրել այդ նահանգի բնակիչների ունեցվածքին: Գործակալությունն ուսումնասիրել է Հարիսի եւ Գալվեսթոնի օկրուգների արբանյակային լուսանկարները, որոնց մի մասը ջրի տակ է անցել չդադարող անձրեւների պատճառով: Տվյալները հիմնվում են փոթորկից տուժած անշարժ գույքի միջին շուկայական արժեքի վրա, ճշտել է Reuters-ը: Գործակալության տվյալներով՝ «Հարվիի» հասցրած վնասի վերջնական գումարը կլինի ավելի մեծ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: