Արցախի ԱԺ նախագահը կանադական պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 30-ին ընդունել է «Մեկ ազատ աշխարհ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մաջիդ էլ-Շաֆիին եւ Կանադայի Համայնքների պալատի պատգամավորներ Թոնի Քլեմենթին ու Ռեյչել Հարդերին: Պատվիրակությանն Արցախում ուղեկցում է ԱՄՆ-ում եւ Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայությունը:
Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը կարեւորել է Կանադայի հետ կապերը, դրանք համարելով պահանջված ԱՀ ու ՀՀ համար՝ հաշվի առնելով այդ երկրում հայկական համայնքի ներկայությունը: Աշոտ Ղուլյանը հույս է հայտնել, որ այցի շրջանակներում պատվիրակության անդամներին կհաջողի Արցախի անկախ պետականության ու այստեղ ապրող ժողովրդի մասին լիարժեք պատկերացում կազմել:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պատվիրակության ղեկավար Մաջիդ էլ-Շաֆին նշել է, որ Արցախը ազատության համար պայքարի օրինակ է, եւ իր կազմակերպության պատրաստակամությունն է հայտնել համագործակցության հաստատման ուղղությամբ:
Կանադայի խորհրդարանի անդամներ Թոնի Քլեմենթն ու Ռեյչել Հարդերը, ովքեր առաջին անգամ են տարածաշրջանում, կարեւոր են համարել Արցախի պատմությանն ու ներկա քաղաքական իրավիճակին ծանոթանալու ու տեղեկություններով իրենց գործընկերների հետ կիսվելու հնարավորությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Կանադահայ համայնքի հետ փոխգործության, խորհրդարանական դիվանագիտության եւ տարածաշրջանում տիրող իրադրության վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, փոխնախագահ Դավիթ Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը, Հայ դատի Կանադայի գրասենյակի գործադիր տնօրեն Սեւակ Բալյանը: